Դիմորդների համար օրը կրկին քննական է, հերթը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայինն է: Միասնական քննության համար այս անգամ հայտագրվել է 5253 դիմորդ, նախորդ տարի 3730 է եղել: Առավոտ շուտ բոլորը դպրոց են շտապել, գրանցվել, պայուսակներն ու հեռախոսները մի կողմ դրել, տեղավորվել: Համար 57 դպրոցում քննություն հանձնողների թիվը 112 է: Լիլիթը նրանցից մեկն է, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ է դիմել:
Լիլիթ Գրիգորյան (դիմորդ) - Ամենասիրածս ոլորտն ա, կարգապահություն ա պահանջում, ես էլ սիրում եմ կարգապահություն, դրա համար իրավագիտություն եմ ընտրել:
Մայր բուհն է նախընտել նաև Թամարան: Լավ մասնագետ դառնալու բանաձևը, ասում է՝ մեկն է՝ պետք է լավ սովորել: Ընտրել է քաղաքագիտություն մասնագիտությունը, իրեն էլ Ազգային ժողովում է պատկերացնում:
Թամարա Քալանթարյան (դիմորդ) - Միշտ ուզել եմ պատգամավոր դառնալ, աղջկա համար դժվար որոշում ա, բայց մեծ ցանկություն ունեմ լավ գործեր անեմ և դառնամ իմ ժողովրդի հպարտությունը:
Մինչև քննության մեկնարկը նախ ԳԹԿ ներկայացուցիչները կարգը ներկայացրեցին: Պատասխանը չիմանալու դեպքում խորհուրդ տվեցին ժամանակը խնայել ու առաջ անցնել: Հարց տալիս էլ ձեռք բարձրացնել՝ քննական կարգը չխախտել, հեռախոս գրպանում չպահել:
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից այսօր քննությունն անցկացվեց հանրապետությունում ձևավորված 35 քննական կենտրոնում: Չնայած անձրևային եղանակին՝ ծնողները դրսում էին սպասում:
Քննությունը 180 րոպե տևեց: Թեստերի ճիշտ պատասխանները քննության ավարտից 3 ժամ հետո կլինեն ԳԹԿ-ի առցանց հարթակում: