Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյան, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանի հիմնադրման 20-ամյակ և Ռուսաստանի օր։ Երեք իրադարձությունները Գյումրին նշեց տոնական համերգով:
Միջոցառման մեկնարկին Շիրակի մարզպետը կարևորեց երկու երկրների դարավոր բարեկամության և մշակութային գործակցության շարունակականությունը:
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Նշանակալի օրերի առթիվ մենք համախմբվել ենք այս մշակութային երեկոյի շրջանակում։ Վստահ եմ՝ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը կամրապնդվի նաև մշակութային սերտ համագործակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, մարզային իշխանության և հյուպատոսարանի ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, 102-րդ ռազմաբազայի, սահմանապահ ջոկատի բարձրաստիճան զինվորականներ։
Ռուսլան Կանդաուրով (Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս) - Տիկի՛ն մարզպետ, թույլ տվեք իմ և դեսպանի անունից շնորհակալություն հայտնել ձեզ այս գեղեցիկ միջոցառման համար։ Ռուսաստանին ու Հայաստանին, ճիշտ նկատեցիք, դարավոր բարեկամությունը, ես կասեի՝ եղբայրական հարաբերություններն են կապում, վստահ եմ, որ դրանք կամրապնդվեն նաև մեր համատեղ ջանքերով։
Տոնական համերգը Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի, Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի մասնակցությամբ էր: Համերգի ավարտին Շիրակի մարզպետը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, երկու երկրների բարեկամության ամրապնդման, զարգացման գործում ներդրած ջանքերի համար շնորհակալագրեր հանձնեց մի շարք գործիչների: