Կառավարական պատվիրակության կազմում Կատարում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ Նուայմինի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև նախօրեին ստորագրված կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել երկկողմ աշխատանքային խմբերի ձևավորմանը, բարձրագույն կրթությանն և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:
Կատարի Պետության կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ Նուայմինը ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին է ներկայացրել Կատարի հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերը: Նշվել է, որ Կատարի համալսարանը բուհերի վարկանիշային միջազգային սանդղակներում բավականին բարձր տեղ է զբաղեցնում:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության համակարգի բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ շեշտելով բուհական համակարգում հետազոտությունների զարգացման և Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեության արդյունավետության բարձրացման կարևորությունը, այդ ուղղությամբ պետության կողմից արվող քայլերը:
Երկու կողմերը կարևորել են փոխայցելությունները և փորձի փոխանակումը, որոնք կարող են հիմք հանդիսանալ երկկողմ համաձայնագրի իրականացման համար: Այս համատեքստում կարևորվել է մասնավորապես միջբուհական կապերի զարգացումը, որին կարող է նպաստել Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև այցի շրջանակում կնքված համագործակցության համաձայնագիրը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինին հրավիրել է Երևանում աշնանը կայանալիք STARMUS գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնին, որին մասնակցելու են աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ, Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, գիտության և արվեստի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: