Ընդդիմության աթոռներն այս նիստին էլ դատարկ մնացին: Իսկ նրանց հեղինակած նախագիծը օրակարգ չընդգրկվեց, հիմնական զեկուցողը ներկա չէր: «Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»-ն առաջարկել էին ԱԺ հայտարարություն ընդունել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ: Գլխադասային հանձնաժողովը հարցը չէր քննարկել, եզրակացություն չէր տվել, այսօր այն քվարկության դրվեց, ՔՊ-ն քվեարկությանը չմասնակցեց:
ԱՊՊԱ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒԳԱՆՔԸ 4 ԱՆԳԱՄ ԿՆՎԱԶԵՑՎԻ
Հաստատված օրակարգում 22 հարց էր: ՔՊ պատգամավորներն առաջարկում են 4 անգամ նվազեցնել ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքը: Գործող 100 հազար դրամը, ըստ Արմեն Խաչատրյանի, խիստ անհամաչափ է: Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալի խոսքով՝ եթե քաղաքացին մեքենան վարում է առանց տեխզննման, տուգանվում է ընդամենը 20 հազար դրամով, իսկ ԱՊՊԱ չունենալու դեպքում, որը պակաս վտանգավոր արարք է, 100 հազարով:
Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ « Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - 100 հազար դրամ տուգանք նշանակելու դեպքում անձն ազատվում է այդ տուգանքի 75 տոկոսի վճարման պարտականությունից, եթե 24 ժամվա մեջ վերացնում է իրավախախտման հատկանիշները, այսինքն՝ եթե անձը արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա ընթացքում ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր, ապա վճարում է սահմանված 100 հազար դրամ տուգանքի ընդամենը 25 տոկոսը:
Համահեղինակը վստահ է՝ այս կերպ կավելանա պայմանագիր կնքողների թիվը, քանի որ տուգանքի փոխարեն քաղաքացին գումարը կուղղի ԱՊՊԱ-ին:
ՀՀ-ՈՒՄ ՉԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. ԲԱԹՈՅԱՆ
Զարուհի Բաթոյանն էլ առաջարկեց օրենքով ամրագրել ներհամայնքային փոխադրումների մրցույթների համար հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության պարտադիր պահանջը: Պատգամավորի խոսքով՝ եղած կարգավորումները բավարար չեն, այժմ ավտոպարկի առնվազն 10 տոկոսը պետք է հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրմանը, իսկ ահա նոր կարգավորմամբ կսահմանվի պարկի առնվազն կեսը, կհստակեցվի նաև վարորդների պարտականությունը՝ փոխադրումը կազմակերպելու ընթացքում:
Զարուհի Բաթոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Տարիներ շարունակ բարեփոխումների և ներդրումային ծրագրերի ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներն անտեսվել են, և ոչ ֆորմալ կերպով նրանց ասվել է՝ մինչև մեծամասնության խնդիրները կլուծենք, և ձեր հերթը կհասնի: Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում չկան առաջնային ու երկրորդական քաղաքացիներ, և եթե մենք տրանսպորտային խնդիր ենք լուծում, ապա այդ լուծումը պետք է լինի բոլորի համար հավասար ու համաժամանակ:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Օրենսդիրը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաև նոր Քրեակատարողական օրենսգիրքը: Դրանով այլևս չեն լինի բաց, կիսաբաց, կիսափակ, փակ ռեժիմները, նաև «Դատապարտյալների հիվանդանոցը»: Կգործի անվտանգության երեք գոտի՝ ցածր, միջին ու բարձր ռիսկայնության, յուրաքանչյուրը՝ իր բժշկական ստորաբաժանմամբ: Փոփոխվել է նաև հանձնուքների քանակը:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Այսօր կալանավորված անձինք կարող են ստանալ մինչև 70 կգ հանձնուք, իսկ դատապարտյալների համար սահմանափակում նախատեսված չէ: Նախագծով նախատեսվել է, որ շաբաթական մինչև 20 կգ հանձնուք կարող է ստանալ թե՛ կալանավորված անձը, թե՛ դատպարտյալը: Սա ներառում է նաև հեղուկները:
ՀՀ-Ի ԴԵՄ ՄԻԵԴ-Ի ՎՃԻՌՆԵՐԸ՝ ԴԱՏԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԻԹ
Արդարադատության նախարարության մշակած մեկ այլ նախագծով էլ Եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացրած վճիռները կարող են առիթ դառնալ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, ընդհուպ նրանց լիազորությունները դադարեցնելու համար: Փոխնախարար Մինասյանի խոսքով՝ հաշվի են առնվել Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, վաղեմության ժամկետ է սահմանվել 15 տարին:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Լիազոր մարմինը, վերցնելով ՄԻԵԴ-ի կողմից կայացված որոշումը, ուսումնասիրելով այն, պետք է արձանագրի՝ արդյոք ՄԻԵԴ-ը ֆիքսե՞լ է, որ կոնկրետ այս դատավորն է կամ այս դատական շղթայում տեղի ունեցած պրոցեսի ընթացքում է խախտվել մարդու իրավունքը, կամ արդյոք դա եղել է դատավորի միտումնավոր կամ կոպիտ անփութության հետևանքով:
2008-ից սկսած ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի վարույթներ են հարուցվել՝ ասաց փոխնախարարը: Ըստ նրա՝ ստրասբուրգյան դատարանն արձանագրել է սեփականության, կյանքի, արդար դատաքննության, հավաքների իրավունքների խախտումներ, որոշ գործերով էլ դեռ քննությունը շարունակվում է: Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվեց՝ արդյոք այս նախագծով պատասխանատվությա՞ն են ենթարկվելու «Մարտի 1»-ի գործերով վճիռ կայացրած այն դատավորները, որոնցով ՄԻԵԴ-ը արդարացման որոշում է կայացրել:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Հնարավորություն է ընձեռվում այս փոփոխության արդյունքում հետ գնալ 15 տարի վաղեմությամբ կայացված վճիռներն ուսումնասիրել, և եթե արձանագրվեն կոնկրետ դատավորների անուններ, դիտավորությամբ կայացված խախտումներ, այդ դեպքում կարող ենք հետ գնալ ու կարգապահական վարույթի շրջանակում գործը վեր հանել, ԲԴԽ միջնորդություն ներկայացնել, և արդեն այսօր օրենսդրությամբ գործող կարգով պատասխանատվության ենթարկել կոնկրետ խախտում թույլ տված դատավորին:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին նաև Վլադիմիր Վարդանյանի և Հռիփսիմե Գրիգորյանի հեղինակած նախագիծը, փոփոխություն է կատարվելու «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում, առաջարկվում է սահմանել նոր՝ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոն, որը կհամարվի քաղաքացիական ծառայող, կփոփոխվի նաև դիվանագիտական անձնագրերի տրամադրման, վերադարձման, պահպանման կարգը: Անձնագիրը տրամադրելու է արտաքին գործերի նախարարությունը` առավելագույնը հինգ տարի վավերականությամբ: Օրենսդիրն այսօր լսեց նաև Հաշվեքննիչ պալատի հաղորդումը: Նախագահ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ 2021-ին իրականացվել է 94 հաշվեքննություն, առերևույթ հանցագործության կասկածներով 6 նյութ ուղարկվել է գլխավոր դատախազություն: