Պաշտոնական այցով Բուլղարիայում է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Առաջին հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ էր: Արարատ Միրզոյանը և Ռումեն Ռադևն անդրադարձել են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, երկուստեք պատրաստակամություն հայտնել խորացնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթական ոլորտներում գործակցությունը։
Անդրադառնալով տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում միջազգային գործակցության հեռանկարներին՝ նրանք կարևորել են «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքների իրականացումը: Նախարար Միրզոյանը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:
Բուլղարիայի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը շեշտել են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Կարևորել՝ հայ ռազմագերիների հայրենադարձման, Արցախում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: Միրզոյանը Ռադևին ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը:
Նախ առանձնազրույցի, այնուհետև ընդլայնված ձևաչափով արտգործնախարարը հանդիպել է նաև Բուլղարիայի իր գործընկերոջ՝ Թեոդորա Գենչովսկայի հետ: Միրզոյանն ու Գենչովսկան խոսել են Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացման մասին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր։ Նախարար Միրզոյանն իր բուլղարացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Միրզոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ, գործընկերոջ ուշադրությունը հրավիրել նաև այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։
Սոֆիայում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Բուլղարիայի մշակույթի նախարարի հետ: Արարատ Միրզոյանն ու Աթանաս Աթանասովը ստորագրել են երկու երկրների միջև մշակույթի բնագավառում 2022-2025 թթ. գործակցության հուշագիր: