Շոտլանդիայի տարածաշրջանային խորհրդարանում մեծամասնություն կազմող Ազգային կուսակցության ղեկավար, Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է անկախության հարցով նոր հանրաքվե անցկացնելու իր մտադրության մասին, ներկայացրել է Sky News-ը։
«Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ՝ Brexit, Բորիս Ջոնսոն, կորոնավիրուս…ժամանակն է խոսել այն մասին, թե ինչպես Շոտլանդիան դարձնել ավելի բարեկեցիկ ու արդար: Ժամանակն է խոսել անկախության մասին և կատարել այդ ընտրությունը»,- ասել է նա Էդինբուրգի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Սթերջենը վստահեցրել է, որ ցանկացած հանրաքվե կանցկացվի օրենքին համապատասխան, և Շոտլանդիայի կառավարությունը ներկայումս ուղիներ է փնտրում, որպեսզի այն կայանա առանց Մեծ Բրիտանիայի կառավարության հավանության:
Սթերջենը նախկինում հայտարարել էր 2023 թվականին ևս մեկ անկախության հանրաքվե անցկացնելու իր մտադրության մասին, սակայն վարչապետ Բորիս Ջոնսոնը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա երկրորդ հանրաքվեն, քանի որ Շոտլանդիայի ժողովուրդն արդեն արտահայտել է իր կամքը 2014 թվականին։ Այն ժամանակ անկախությանը կողմ էր ընտրողների 45%-ը, դեմ՝ 55%-ը: Հանրաքվե անցկացնելու համար Շոտլանդիան պետք է ստանա Մեծ Բրիտանիայի իշխանությունների համաձայնությունը: