Վերին Լարսում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ հանդիպմանը Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նշել է, որ իրավիճակն անցակետում պահանջում է անհապաղ լուծում: Բեռնատարները ճանապարհի վրացական հատվածն անցնում են 20-30 օրում՝ անհարմարություն պատճառելով ոչ միայն փոխադրողներին, այլև ռուսական ընկերություններին և սպառողներին։ Հաշվի առնելով, որ արդեն սկսվել է բերքի արտահանման սեզոնը, իրավիճակը կարող է ավելի բարդանալ: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Կատար այցելած նախարարը «Լուրերի» հետ զրույցում մեկնաբանել է ռուս գործընկերոջ հետ հանդիպումը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Իհարկե ռուսական կողմը շատ ջանում է, որ հնարավորինս արագ լուծի խնդիրը, բայց, մեր պատկերացմամբ՝ իրենք փորձում են խնդիրը լուծել ավելի երկարաժամկետ մեխանիզմներով, որն այսօրվա մեր ցավին դարման չէ, այսպես ասենք, և, բնականաբար, ես մեր ռուս գործընկերներին նշեցի, որ մեզ պետք են այսօր լուծումներ, որովհետև հերթերը, որ գոյացել են նախորդ ամիսներին, զրկում են արտահանողներին արտահանելու հետաքրքրությունից:
Քերոբյանի խոսքով՝ քննարկել են Վերին Լարսի անցակետի թողունակությունը մեծացնելու հնարավորությունները: Վրացի գործընկերների հետ էլ պայմանավորվել են, որ առաջնահերթություն տրվի արագ փչացող ապրանքներ տեղափոխող բեռնատարներին:
Վահան Քերոբյան - Նաև վերջին շտրիխները պայմանավորվեցինք՝ լաստանավի հետ կապված: Կարծում եմ, որ լաստանավը շատ մոտ օրերս արդեն կգործարկվի, որը որոշակի կթեթևացնի ծանրաբեռնվածությունը, բայց ոչ ամբողջությամբ: Վերջնական լուծումը, բնականաբար, պետք է տան ռուս գործընկերները օպերացիոն առումով Վերին Լարսի անցակետի թողունակությունը բարձրացնելու միջոցով:
Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ լաստանավային բեռնափոխադրումները կմեկնարկեն հունիսի 15-ին: Կրկին անդրադառնալով Լարսին՝ նախարարն ընդգծում է, որ հերթում սպասում են ոչ միայն հայկական, այլև մյուս երկրներից ժամանած բեռնատարները: Ըստ նրա՝ որևէ երկրի՝ մյուսների հաշվին առաջնահերթություն չի տրվում: Հիմա Լարսով օրական անցնում է միջինը 800-1000 բեռնատար:
Վահան Քերոբյան - Շինարարության, գծերի ընդլայնման և այլ մեխանիզմների շնորհիվ կարող են էապես լավացնել, ենթադրվում է՝ 6-7 անգամ լավացնել թողունակությունը, խնդիրը այժմեական է, պետք է լուծվի այսօր:
Մաքսակետն անցնելու իրենց հերթին են այժմ սպասում 2300-2400 մեքենա. կուտակումները Վրաստանի տարածքում են: 40 տոկոսը հայկական բեռնատարներն են: