«Դիմադրություն» շարժումը վաղը կհավաքի վրանները Ֆրանսիայի հրապարակից: Այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտարարել է շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը: Նա նշել է, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, սակայն եկել է պահը, որ մարդիկ իրենց ներուժն օգտագործեն ավելի կարևոր տեղերում:
Սաղաթելյանը նաև ներկայացրել է «Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները: Որոշվել է վերափոխել շարժման կառուցվածքը և մարտավարությունը. Իշխան Սաղաթելյանի խոսքով` այն լինելու է ավելի թիրախային, հստակ ու պլանավորված գործողություններով:
Առաջիկայում կլինեն ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում փողոցային ակցիաներ, ոլորտային ու թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, ժողովրդի հետ հանդիպումներ, շաբաթական հանրահավաքներ և երթեր:
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ կձևավորվեն շարժման տարածքային ու ճյուղային ստորաբաժանումներ, այդ թվում` Արցախում ու Սփյուռքում: Մարզերում նաև շարժման կոորդինացիոն խորհուրդներ ու կոմիտեներ կձևավորվեն:
Հանրահավաքին մասնակցել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Իշխան Սաղաթելյան («Դիմադրություն» շարժման առաջնորդ) - Այս օրերին շատ է խոսվում` ովքեր են շարժման պատասխանատուները, որոշումները ինչպես են կայացվում, եթե մի բան չստացվի, ով է պատասխանատվություն կրելու, նախ՝ ասեմ, որ չհաջողելու տարբերակ չունենք, բոլոր նրանք, ովքեր արդեն մեկ ամիս մեղավոր են նշանակել, պատասախանատու են նշանակել, իրենց խոր հիասթափություն է սպասվում, թող գնան ու պատռեն տեքստերը, որովհետև այդ շարժումը չհաջողելու տարբերակ չունի: Առաջին օրվանից շատ հստակ ու ուղիղ ասել ենք, մենք ասել ենք, որ այս շարժման և զինվորն ենք և առաջամարտիկը ու կրում ենք ամբողջական պատասխանատվություն, հետևաբար, ես և իմ ընկերները այս շարժման ելքի համար և՛ քաղաքական, և՛ անձնական պատասխանատվություն ունենք ու տանելու ենք պատվով ու մինչև վերջ: