Հունիսի 13-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ալստելֆեն քաղաք, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Տյապկո Պոպենսի և D66 կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Տավրոս Ասլանյանի հետ։ Ինչպես հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը քննարկվեցին ՀՀ վարչապետի` Նիդերլանդներ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները, Ամստելֆենի հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցեր։
Ամստելֆենի քաղաքային գրադարանում դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց Bright Future հիմնադրամի նախաձեռնությամբ հայերեն գրքերի անկյուն ստեղծելու բացման արարողությանը։ Ողջույնի խոսքում դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց Bright Future-ի ղեկավարությանը նախաձեռնության և գրադարանի տնօրինությանը դրան աջակցելու և հայերեն մանկական գրականությունը մշտական հիմքով հյուրընկալելու համար` հույս հայտնելով, որ այս օրինակը տարածում կգտնի ամբողջ երկրում։
Դեսպանը միջոցառմանը ներկա հայ երեխաների համար ընթերցեց Եզոպոսի առակներից։