Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Հանդիպման առանցքում Գյումրիում առանձին ցուցասրահ կառուցելու գաղափարն է եղել, որտեղ կցուցադրվեն Սարգիս Խաչատուրյանի կողմից հնդկական վիմափոր տաճարների՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների պատճենները. դրանք այժմ Հայաստանի ազգային պատկերասրահում են պահվում։
«Պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ: Ուրախ եմ ձեզ հանդիպելու և քննարկելու մեր համագործակցությանն առնչվող մի շարք ծրագրեր, մասնավորապես, ինձ համար ուրախալի է, որ պետք է խոսենք Գյումրիում նոր ցուցասրահ կառուցելու ծրագրի մասին, արդյունքում շատ հիանալի նախաձեռնություն կյանքի կկոչվի։
Վստահ եմ՝ մեր համագործակցությունը կունենա ցանկալի արդյունք, և մենք ևս մեկ անգամ կվերահաստատենք մեր երկու երկրների կառավարությունների բարեկամական կապերը»,- նշել է Շիրակի մարզպետը։
Դեսպան Դեվալին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար․ «Տիկին մարզպետ, ուրախ եմ մեր հանդիպման համար, ուրախ եմ գտնվել մշակութային մայրաքաղաք համարվող Գյումրիում, և առավել ոգևորիչն այն է, որ քննարկում ենք այսպիսի կարևոր նախաձեռնություն։ Ինձ համար անչափ կարևոր է տեսնել ձեր պատրաստակամությունը»։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Մասնավորապես, կարևորելով տնտեսական համագործակցության խորացումն ու ապակենտրոնացված բիզնես-գործակցությունը, անդրադարձ է կատարվել նաև հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին ընդառաջ Գյումրիում միջոցառումներ անցկացնելու հարցը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հետագա համագործակցության ընդլայնման, իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման ուղղությամբ: