Երկօրյա պաշտոնական այցով վարչապետը Կատարում է: Առաջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել երկրի բարձագույն ղեկավարության հետ: Օրակարգի գլխավոր թեման հայ-կատարական հարաբերությունների զարգացումն էր, չիրացված ներուժի իրացումը՝ տնտեսության, գյուղատնտեսության, կրթության, տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտներում:
Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ էր, ապա նաև վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Ալ Թանիի հետ հանդիպում եղավ:
Ի դեպ, սա վարչապետի առաջին այցն է Դոհա:
Օդանավակայանում կառավարական պատվիրակությանը դիմավորում է Կատարի արտաքին գործերի պետական նախարարը:
Պատվիրակությունն ուղևորվում է Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի դիվան: Զինվորական նվագախմբի ու պատվո պահակախմբի ուղեկցությամբ վարչապետ Փաշինյանն անցնում է կարմիր գորգով, հնչում են երկու երկրների օրհներգերը:
ԿԱՏԱՐԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀՀ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Կատարական կողմը շահագրգիռ է զարգացնել ու ամրապնդել երկկողմ գործակցությունը տարբեր ոլորտներում՝ հանդիպման ժամանակ ընդգծեց Կատարի Էմիրը` բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններն ու վստահությունը: Այս այցը նոր ազդակ կհաղորդի հայ-կատարական գործակցությանը, այդ թվում` տնտեսության և հումանիտար ոլորտներում, իր հերթին ընդգծեց վարչապետը, հատկապես կարևոր է հարաբերությունները զարգացնել տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում:
Փաշինյանը ներկայացրեց նաև մեր երկրում ձևավորված գործարար միջավայրը` վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել կատարական ընկերությունների ներդրումային ծրագրերի իրականացմանը: Այս այցն ու հանդիպումները կնպաստեն ներդրումների և առևտրաշրջանառության ոլորտներում կապերի ընդլայնմանն ու խորացմանը՝ վստահ են կողմերը: Էմիրն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան այցելելու վարչապետի հրավերը:
Փաշինյանն անմիջապես ուղևորվեց երկրորդ հանդիպմանը` Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Ալ Թանիի հետ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՈՐ ԱԶԴԱԿ ՀԱՂՈՐԴԵԼ ԵՐԿԿՈՂՄ ԿԱՊԵՐԻՆ. ՓԱՇԻՆՅԱՆ
Կառավարությունների միջև գործակցությունն այս այցի արդյունքներով նոր մակարդակի կբարձրանա՝ վստահություն հայտնեց Կատարի վարչապետը, Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց՝ Հայաստանի ու Կատարի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է, և անհրաժեշտ է նոր ազդակ հաղորդել երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:
Վարչապետը նաև Կատարի գործարար համայնքի ներկայացուցիչներին հրավիրեց Հայաստան համատեղ ներդրումային ծրագրերի հնարավորությունները քննարկելու: Օրակարգը ընդգրկուն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, տրանսպորտային ենթակառուցվածքներ, առևտրաշրջանառություն, ավիահաղորդակցություն, զբոսաշրջության ոլորտներում գործակցություն:
Կողմերը խոսել են նաև կրթության, այդ թվում` ուսանողների փոխանակման, գիտության, առողջապահության և մշակույթի բնագավառներում գործակցության հնարավորությունների մասին:
ԿԱՏԱՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ
Պաշտոնական այցի ընթացքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր: Հայաստանի և Կատարի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խոսքով` բարեկամ Կատարի հետ տարբեր ոլորտներին վերաբերող բազմաթիվ հարցեր քննարկելու անհրաժեշտություն կար:
Համբարձում Մաթևոսյան (ՀՀ փոխվարչապետ) - Ստացանք վարչապետի կողմից հանձնարարություններ, որպեսզի հետևողական լինենք հուշագրերի կատարմանը: Քննարկումների ժամանակ նույնիսկ քննարկվեցին հարցեր, որոնք նախատեսված չէին: Մենք, օրինակ, ինչպես տեղյակ եք, կառավարության ռազմավարությունում պլանավորում ենք ունենալ առանձին կրթական քաղաք կամ տեխնոլոգիաների ուղղվածությամբ կենտրոններ, նման փորձ Կատարն ուներ, և նաև հնարավորություն ունեցանք անձամբ գտնվել, ծանոթանալ կենտրոնների աշխատանքներին:
Ստորագրված մեկ այլ փաստաթղթով Երևանն ու Դոհան դարձան քույր քաղաքներ: Գործակցության համաձայնագրեր կնքվեցին երկու երկրների մայր բուհերի միջև, նաև առողջապահության, կրթության ու գիտության, զբոսաշրջության, լրատվության բնագավառներում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոհայում այցելեց Qatar Foundation հիմնադրամ, ծանոթացավ հիմնադրամի գործունեությանը, կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին: Ապա Կատարի գիտության և տեխնոլոգիաների կենտրոնում Փաշինյանին ներկայացրին բարձր տեխնոլոգիաների ոլորտի իրենց գործունեությունը:
ԿԱ ՆԵՐՈՒԺ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ՔԵՐՈԲՅԱՆ
Այցի առաջին օրվա հանդիպումների շարքը վարչապետ Փաշինյանը շարունակեց իր կեցավայրում` ընդունելով Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ Մահմուդին: Երկու երկրների ղեկավարները ամուր քաղաքական կամք ունեն գործակցելու, կա նաև մեծ ներուժ՝ ներդրումների, զբոսաշրջության ոլորտներում՝ հանդիպումից հետո արձանագրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Կարևոր պայմանավորվածություններից պետք է նշեմ «Կատար էիրվեյզ» ընկերության նախագահի հետ ստորագրված հուշագիրը, ով նաև պատասխանատու է այս երկրում զբոսաշրջության համար, նաև քննարկեցինք «Կատար էիրվեյզի» կողմից բեռնափոխադրումների տարիֆների զեղչերի կիրառումը: Կարծում եմ, եթե դա ստացվի, ապա մեր երկրի արտահանողների համար նոր հնարավորություններ կբացվեն:
Այցի առաջին օրը վարչապետն ավարտեց «Ալ Ջազիրա» հեռուստաընկերություն այցով ու լրատվամիջոցին տված հարցազրույցով: Հունիսի 14-ին վարչապետը կհանդիպի Կատարի Հայր էմիրին, կլինի ազգային գրադարանում ու թանգարանում: