Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:
Կողմերը մտքեր են փոխանակել տեխնոլոգիական ոլորտում արդեն ձևավորված համագործակցության և իրականացվող ծրագրերի շուրջ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, արհեստական բանականության ոլորտներում Լիտվայի ունեցած մեծ փորձին, այդ ուղղություններով գործակցության ընդլայնման հնարավորություններին։
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը, բարձր գնահատելով Լիտվայի հետ արդյունավետ փոխգործակցությունը, ընդգծել է հատկապես տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի իրականացման կարևորությունը, որը գործակցության նոր հեռանկարներ կարող է ունենալ։
Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակներում հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության խորացման կարևորությունը, նշել է, որ հատկապես ՏՏ ոլորտում Հայաստանի հետ համատեղ աշխատանքների մեծ ներուժ է տեսնում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում և Լիտվայում անցկացվող տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններին։ Ռոբերտ Խաչատրյանն այդ ցանկում մատնանշել է սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում անցկացվելիք «Սթարմուս VI» միջազգային փառատոնը, որի ընթացքում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակի 5 դափնեկիրներ։ Գիտությունն ու արվեստն իրար շաղկապող այս միջոցառման ընթացքում տեղի կունենան գիտաժողովներ, մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ՝ գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի ներկայացնելով հանրությանը։
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն իր հերթին ներկայացրել է Լիտվայում անցկացվող ամենամասշտաբային միջոցառումներից մեկը՝ «ԲալթՏեխնիկա»-ն։
Կողմերը երկուստեք հրավիրել են միմյանց՝ պատվիրակությունների մակարդակով, մասնակցելու երկու երկրներում անցկացվող տեխնոլոգիական ոլորտի միջոցառումներին։
Ռոբերտ Խաչատրյանը Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին ներկայացրել է նաև «Ինժեներական քաղաք» ծրագիրը, ընդգծել, որ բացի ռեզիդենտ հանդիսացող ընկերություններից՝ այնտեղ կարող են ներգրավվել նաև այլ երկրների կազմակերպություններ: Նախարարը հույս է հայտնել, որ լիտվական ընկերությունները ևս տեղեկացված կլինեն և կօգտվեն այդ հնարավորությունից։