ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Ֆրանսիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում նախագահ Էմանուել Մակրոնի՝ իշխող «Միասին» և ձախակողմյան ուժերը ներկայացնող Ժան-Լյուկ Մելանշոնի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» դաշինքները գրեթե նույն արդյունքն են գրանցել՝ ստանալով ձայների համապատասխանաբար 25,7 և 25,6 տոկոսը։
Ձայների նախնական հաշվարկով՝ երրորդ տեղը զբաղեցնում է Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունը՝ 18,7 տոկոս։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունիսի 19-ին:
ՄԱԿՐՈՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին Ֆրանսիայի նախագահը զինված ուժերի նախարարին հանձնարարել Է վերանայել 2019-2025 թթ. ընկած ժամանակահատվածում սպառազինությունների արդիականացման ծրագիրը: Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Փարիզում ցամաքային զորքերի ռազմական տեխնիկայի ցուցահանդեսի բացմանը, նշել է, որ Ֆրանսիան թևակոխել Է «ռազմական Էկոնոմիկայի շրջան, որին անհրաժեշտ կլինի հարմարվել երկարատև ժամանակ»:
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ Եվրոպայի տարածքում տեղի Է ունենում մեծ ինտենսիվության հակամարտություն, և այդ պայմաններում եվրոպական ռազմարդյունաբերական համալիրը պետք Է ուժեղացվի:
ՇՎԵԴԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՓԱՐԱՏԵԼ ԱՆԿԱՐԱՅԻ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության թեմային են անդրադարձել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Շվեդիայի վարչապետը: Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ կառույցում շատ լուրջ են վերաբերվում Անկարայի մտավախություններին ու անում են ամեն բան` դրանք փարատելու համար: Նրա խոսքով՝ Շվեդիան սկսել է փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը և պատրաստ է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան, որ զենքի արտահանման իրավական դաշտն արտացոլի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր ապագա կարգավիճակը:
«Սրանք այն երկու հիմնական կարևոր կետերն են, որոնց շուրջ մտավախություններ ունի Թուրքիան»,- նշել է Հյուսիսատլանտայն դաշինքի ղեկավարը:
ՍՏԱՄԲՈՒԼ ՄԵԿՆԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿՈՉ ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻՆ
«Թուրքիայում վերջին շաբաթների իրադարձություններից հետո և Ստամբուլում հանգստանալու ժամանակ իսրայելցիների դեմ մի շարք ահաբեկչական հարձակումներից հետո մենք կոչ ենք անում իսրայելցիներին հրաժարվել Ստամբուլ մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ հնարավորինս արագ լքել երկիրը»,- հայտարարությունն արել է Իսրայելի ԱԳ նախարարը:
Յաիր Լապիդի խոսքով՝ Իսրայելի անվտանգության ծառայությունները, ԱԳՆ-ն և վարչապետի գրասենյակը փորձում են փրկել իսրայելցիների կյանքը:
«Այս ահաբեկչություններն ուղղված են հանգստի մեկնած իսրայելցիների դեմ։ Նրանք դիտավորյալ Իսրայելի քաղաքացիներին են ընտրում առևանգելու կամ սպանելու համար»,- հայտարարել է Լապիդը:
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը մայիսի 30-ին «խստացված նախազգուշացում» է տարածել երկրի քաղաքացիների արտասահմանյան ճանապարհորդությունների մասին՝ հորդորելով խուսափել Թուրքիա այցելությունից:
ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻՆ ԲԱՑԱՌԵԼ Է ՌԴ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Վրաստանի վարչապետը հերթական անգամ բացառել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը: Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ տնտեսական պատժամիջոցներ կիրառելը կնշանակի դադարեցնել առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը, նրա խոսքով, անխուսափելիորեն կանդրադառնա ոչ միայն Ռուսաստանում բնակվող մեկ միլիոն վրացիների, այլև Վրաստանի չորս միլիոն քաղաքացիների վրա։
«Ինչ է, մենք ազգային շահեր չունե՞նք, թե՞ այստեղ մարդիկ չեն ապրում, թե՞ վրաց ժողովուրդը նորից ուզում է պատերազմ, ճնշում, տարածքների, պետականության կորուստ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետը հայտարարել է նաև, որ սպասում է «արդար որոշման» երկրին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում և նշել, որ «Եվրոպային ավելի բարձրաձայն հարցեր կտա» այս գործընթացի վերաբերյալ։