Շուտով մոսկովյան բորսայում առևտուր կիրականացվի նաև հայկական դրամով՝ հայտարարել է բորսայի արժութային շուկայի դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Սկաբելին։ Բացի հայկական դրամից՝ նախատեսվում է առևտուր իրականացնել նաև ուզբեկական սումով և էմիրաթական դիրհամով: Սկաբելին հայտարարել է, որ նշված արժույթների նկատմամբ հետաքրքրություն են տեսնում և հասկանում են, որ դրանք կունենան իրացվելիություն: Մասնագետների կարծիքով՝ այստեղ 2 գործոն կա. առաջինն այն է, որ Ռուսաստանից կապիտալի արտահոսք է եղել, և ամեն ինչ անում են դա վերադարձնելու համար:
Աշոտ Խուրշուդյան (տնտեսագետ) - Մյուս կողմում, այո, դրամի՝ ԱՊՀ շուկայում կայունությունն է և կայուն հիմքեր ունենալը: Մենք վարակված չենք նավթային արտահանող երկրների հիվանդությամբ, ածանցյալ ազդեցություն կրում ենք մեր հիմնական գործընկեր Ռուսաստան երկրից, բայց բուն Հայաստանը չունի այդ խնդիրը, և էդ առումով դրական է:
«Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ Կենտրոնական բանկից մեկնաբանեցին, որ այլ երկրում ազգային արժույթի նկատմամբ հետաքրքրության աճը և արդյունքում՝ բորսաներում, արտաբորսայում և տարբեր առևտրային հարթակներում ազգային արժույթով գործարքների իրականացումը մեծացնում է տվյալ արժույթի փոխարկելիությունը: Հայկական դրամի փոխարկելիության հնարավոր աճը դրական է գնահատվում:
ՀՀ կենտրոնական բանկ - Փոխարկելիության աճը թույլ է տալիս տնտեսվարողներին՝ ավելի սահուն ապահովել առևտրի շրջանառությունը, նաև թույլ կտա արտահանողներին՝ ապրանքները վաճառել ազգային արժույթով: Միաժամանակ, սրանով կարող են ակտիվանալ ոչ միայն հենց բուն հայկական դրամով գործարքների ծավալները, այլ նաև սա լավ հնարավորություն է, որ ձևավորվեն համապատասխան արժութային ածանցյալ գործիքներ:
Շատ ավելի կարևոր է, երբ քո երկրում ձևավորված ֆինանսական շուկայում են այլ երկրների արժույթներ ցուցակագրվում՝ նշում են մասնագետները: Դրամի կայունության տեսանկյունից իրադարձությունը կարևոր է, սակայն մեծ սպասումներ ևս չպետք է ունենալ:
Աշոտ Խուրշուդյան - Եվրո-դոլար հասկացությունը ոնց որ եվրո-դրամ դառնա: Դա միայն դոլարին է վերաբերում, մնացած բոլոր արժույթները, նույնիսկ եթե այլ երկրներում դրանք ցուցակագրվում են, էդ մասշտաբը, էդ ծավալը, որպեսզի ազդեցություն ունենա... Որովհետև, ի պատասխան դրա, կարող են ասել՝ ինչ լավ է՝ կարող ենք լրացուցիչ դրամ թողարկել, և ինֆլյացիան Հայաստանում չլինի, բայց այդպես չի լինելու, այդպիսի բացառիկ արժույթ միայն ԱՄՆ դոլարն է:
Մոսկովյան բորսայում առևտուր է իրականացվում ամերիկյան դոլարով, եվրոյով, չինական յուանով, բրիտանական ֆունտով, շվեյցարական ֆրանկով, հոնկոնգյան դոլարով, բելառուսական ռուբլով, թուրքական լիրայով, ճապոնական իենով, շատ շուտով՝ նաև հայկական դրամով։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան