Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում: Քննարկմանը ներկա էին ինչպես ՀՀ գերատեսչությունների, այնպես էլ եվրոպական ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ՓՄՁ աջակցության ծրագրի շուրջ առկա համաձայնությունն ու դրա պաշտոնական ստորագրման շուտափույթ կազմակերպումը:
Երկուստեք կարևորվել են Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ծրագիրը և դրա շրջանակներում եվրոպական ֆինանսական կառույցների հետ կատարվող փորձագիտական աշխատանքները:
Փոխվարչապետն ընդգծել է նաև Սյունիքի մարզում COAF հիմնադրամի հետ նախատեսված համատեղ ծրագրի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կնպաստի Սյունիքում կրթության որակի բարելավմանը:
Անդրադարձ է կատարվել նաև Երևանի կանաչ զարգացման ուղենիշի ներքո պլանավորված էներգաարդյունավետության խթանման ծրագրին և դրա շրջանակում Երևանում մանկապարտեզների և պոլիկլինիկաների վերակառուցմանը:
Մտքեր են փոխանակվել մի շարք առանցքային ուղղություններով ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո հաջորդ ծրագրային փաթեթի հնարավոր ուղղությունների շուրջ:
Հանդիպման վերջում ընդգծվել է երկուստեք պատրաստակամություն Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված և 2021 թվականի հուլիսին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարած աջակցության փաթեթի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքն ապահովելու վերաբերյալ: