Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կազմակերպած միջոցառմանը:
Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է.
«Մեծարգո Սերգեյ Պավելի,
Հարգելի ընկերներ,
Անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ և Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Ռուսաստանյան պետության նորագույն պատմության մեջ այս տոնը նշանավորվում է կյանքի բոլոր ոլորտներում հիմնարար վերափոխումներով, որոնց հիմքում քաղաքացին է, իր շահերը և բարեկեցությունը, հպարտությունն իր երկրի հազարամյա պատմության համար, նրա ներկան և ապագան: Եվ այս դժվարին ճանապարհը Ռուսաստանն անցել է ինքնուրույն՝ հիմք դնելով սկզբունքայնորեն նոր պետական և հասարակական կարգի, հստակ մատնանշելով, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանը 21-րդ դարում:
Գործընկերներ,
Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդները կապված են բազմաթիվ խոր թելերով, որոնք ամուր հիմք են ստեղծում, որի վրա կառուցվում են մեր երկրների միջպետական հարաբերությունները՝ դառնալով օրինակելի երկկողմ համագործակցության տեսանկյունից։
Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեր ժողովուրդների դարավոր բարեկամության նորագույն պատմության մեջ նոր էջ բացեց, որի վրա մեծատառով գրված է Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը, որի 25-ամյակը մենք տոնում ենք այս տարի:
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են ռազմաքաղաքական ոլորտում փոխգործակցությամբ, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ և սերտ համագործակցությամբ, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ կարևոր ոլորտներում երկկողմ հաջող գործընկերությամբ։
Այսօր մեր համատեղ ջանքերն ուղղված են ռազմավարական համագործակցության նոր հեռանկարային ոլորտներ բացահայտելուն։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ընդլայնել դաշնակցային հարաբերությունները և այն հարստացնել նոր նախաձեռնություններով՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների՝ ի շահ տնտեսական և սոցիալական առաջընթացի, ինչպես նաև աշխարհում և տարածաշրջանում անվտանգության և կայունության։
Սիրելի ընկերներ,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ բարեկեցություն և բարգավաճում եղբայրական Ռուսաստանին»: