ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Ֆրանսիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում նախագահ Էմանյուել Մակրոնի իշխող «Միասին» և ձախակողմյան ուժերը ներկայացնող Ժան-Լյուկ Մելանշոնի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» դաշինքները գրեթե նույն արդյունքն են գրանցել՝ ստանալով ձայների համապատասխանաբար 25,7 և 25,6 տոկոսը։ Ձայների նախնական հաշվարկով՝ երրորդ տեղը զբաղեցնում է Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունը՝ 18,7 տոկոս։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունիսի 19-ին:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԹԻՐԱԽ Է ԱՄԲՈՂՋ ԵՎՐՈՊԱՆ. ԶԵԼԵՆՍԿԻ
Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կհստակեցնի` արդյոք Ուկրաինան կդառնա ԵՄ անդամակցության թեկնածու` Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է ԵՀ ղեկավարը: Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շաբաթ օրը ժամանել էր Ուկրաինա՝ քննարկելու ԵՄ-ին անդամակցելու Կիևի դիմումը։ Նա հույս է հայտնել, որ ԵՄ երկրների ղեկավարները կկարողանան ընդհանուր դիրքորոշում հայտնել ԵՄ անդամակցելու Կիևի դիմումի վերաբերյալ։ Ուկրաինայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Վոլոդիմիր Զելենսկին շատ բան է արել երկրում օրենքի գերակայության արապնդման համար, բայց ՈՒկրաինայում դեռ բազմաթիվ բարեփոխումների կարիք կա՝ մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Ասուլիսի ընթացքում Զելենսկին զգուշացրել է՝ Ռուսաստանի համար թիրախ է ամբողջ Եվրոպան, Ուկրաինան ագրեսիայի միայն առաջին փուլն է:
ՍԵՎԵՐՈԴՈՆԵՑԿՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՃՆՇՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ
Սևերոդոնեցկում ռուսական ուժերը ճնշում են գործադրում, այնտեղ շարունակվում են կատաղի մարտերը՝ բառացիորեն ամեն մետրի համար՝ հայտարարել է ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է ուկրաինացիներին ահաբեկել հրթիռային հարձակումներով: «Նրանք ճնշում են նաև Լիսիչանսկի, Բախմուտի, Սլավյանսկի և մյուս ուղղություններով»,- տեղեկացրել է երկրի նախագահը՝ հավելելով, որ ռուսական բանակը փորձում է պահեստային ուժեր բերել Դոնբաս։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ ռուսական ուժերը գրավել են քաղաքի մեծ մասը, սակայն ուկրաինական զորքերը շարունակում են վերահսկել արդյունաբերական տարածքը և քիմիական գործարանը, որտեղ գտնվում են նաև հարյուրավոր խաղաղ բնակիչներ:
ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳԸ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ուկրաինայում էսկալացիան թուլացնելու համար ՆԱՏՕ-ն 2 բան է անում՝ զսպում է Ուկրաինային և գործողություններ չի ձեռնարկում ՈՒկրաինայի տարածքում: Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ ճեպազրույցում Ստոլտենբերգը հնարավոր է համարել այն, որ Կիևը ստիպված կլինի զիջել տարածքի մի մասը՝ հանուն խաղաղության հաստատման: «Խաղաղությունն Ուկրաինայում հնարավոր է: Հարցը պարզապես այն է, թե ինչ գին եք պատրաստ վճարել այդ խաղաղության համար: Որքանո՞վ եք պատրաստ զոհաբերել տարածքներ, անկախություն, ինքնիշխանություն, ազատություն և ժողովրդավարություն: Եվ դա շատ բարդ բարոյական երկընտրանք է»,- ասել է նա:
ԹԱՅՎԱՆԸ ՉԺՀ-ԻՑ ԱՆՋԱՏԵԼՈՒ ՓՈՐՁԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵԿԻՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԻ
Չինական բանակը «պատերազմ կսկսի ու կպայքարի մինչև վերջ, եթե որևէ մեկը համարձակվի անջատել Թայվանը Չինաստանից՝ Սինգապուրում ելույթի ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը: Վեյ Ֆենհեն հայտարարել է, որ Պեկինն այլ ընտրություն չունի: «Մենք զգուշացնում ենք Թայվանին. անջատողականները և նրանց թիկունքում կանգնած ուժերը, որոնք ձգտում են բաժանել Թայվանը Չինաստանից, փակուղի են ստեղծել, ինչը պարզապես մոլորություն է»,- նշել է Ֆենհենը: