Հայաստանում է Արտեմ Փաթափությանը՝ Նոբելյան մրցանակի արժանացած առաջին հայը: 2021-ին նրան միջազգային մրցանակը շնորհվել է շոշափական և ջերմազգաց ընկալիչների ուսումնասիրման և կատարած բացահայտումների համար: Փաթափությանին շնորհավորում է Հայաստանի նախագահը:
Արտեմ Փաթափության (Նոբելյան մրցանակակիր) - Ես ինձ տանն եմ զգում ու զարմանում, թե ինչպես հասա այս ամենին: Երբ բժշկականի ուսանող էի, չգիտեի, որ գիտությունը որպես կարիերա գոյություն ունի: Միջազգային մրցանակ ստանալը հրաշալի է, բայց չեմ ուզում որ դա ուրիշների համար նպատակ լինի: Երբ դու անում ես այն, ինչը իսկապես սիրում ես, դու դա չես անում ճանաչման համար: Կարծում եմ՝ դա է իսկական նվերը նրանց համար, ովքեր սիրում են իրենց գործը. լավ բաները պատահական են լինում:
ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԴԵՊԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՆԱԽԱԳԱՀ
Նախագահի խոսքով՝ Փաթափությանի օրինակը լավագույնն է, թե ինչպես կարելի է գիտությամբ աշխարհում հայտնի դառնալ: Ըստ Խաչատուրյանի՝ հաջողության հասնելու համար նախ պետք է այսօրվա հնարավորությունները գնահատել.
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Մենք պետք է կարողանանք իրար հետ առաջ գնալ. իրար հետ առաջ գնալու համար պետք է կարողանանք հասկանալ, թե ուր ենք գնում, ինչ նպատակներ են մեր առջև դրված, և այսօրվա օրը այդ առումով սիմվոլիկ է, մենք գնում ենք դեպի գիտություն, դեպի բարձր տեխնոլոգիաներ, մենք այլ ընտրություն չունենք:
Նախագահ Խաչատուրյանը Սինոփսիսում խոսում է ընկերության հաջողության մասին, նաև զարմանում, թե ինչու ընկերության օրինակն այս տարիների ընթացքում չի մասսայականացվել: Գիտություն-արտադրություն կապը տեսնելու համար Խաչատուրյանն առաջարկում է «Սինոփսիսի» փորձն ուսումնասիրել: Ընկերության նախագահը Փաթափությանին շնորհավորում, միջազգային մրցանակը ազգային մեծագույն նվաճումներից է համարում:
Հովիկ Մուսայելյան («Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն) - Մենք աշխարհին չենք կարող զարմացնել մեր բնակչության թվաքանակով կամ տարատեսակ ռեսուրսներով, մենք կարող ենք ներկայանալ աշխարհին միայն բարդագույն ինժեներական, տեխնոլոգիական խնդիրների լուծման հնարավորություններով և, իհարկե, տարբեր ոլորտներում ձեր նման համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանցով:
Ելույթներին հաջորդում է քննարկումը: Ոլորտի մասնագետները նախագահ Խաչատուրյանի և Նոբելյան մրցանակակիր Փաթափությանի հետ քննարկում են, թե ինչպես զարգացնել գիտությունն ու հաղթահարել ոլորտի մարտահրավերները: