ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԹԱԳՈՒՀԻՆ ԿԵՐԱԿՐՈՒՄ Է ՁԻԵՐԻՆ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին Սանդրինգհեմի իր տան այգում շոյում ու կերակրում է ձիերին: Անգլիայի միապետուհու պաշտոնավարման 70-ամյակին նվիրված քառօրյա տոնակատարության շրջանակում անցկացվել է նաև Epsom Derby կոչվող ձիարշավը, որին ընդառաջ էլ թագուհին այցելել է իր սիրելի ձիերին:
Այդ ընթացքում նրան ուղեկցել է իր վստահելի ազգական ու ձիարշավի խորհրդական Ջոն Ուորենը: Եղիսաբեթ 2-րդը ձիերին գազարով է կերակրել: Հետո շոյել է ձիերից մեկին` շշնջալով. «Դու արտասովոր աղջիկ ես, չէ՞»:
96-ամյա միապետուհին ձիարշավների մեծ երկրպագու է և զտարյուն ցեղատեսակի ձիեր ունի:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԱՐՔԱՅԱԶՆ ԼՈՒԻՆ` ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Եղիսաբեթ 2-րդ թագուհու պլատինե հոբելյանի առթիվ անցկացված հերթական տոնակատարություններից մեկի ժամանակ արքայազն Լուին դարձյալ հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում, և, ինչպես ասում են, հոբելյարից գողացել շոուն:
Լուին արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհի Քեյթի կրտսեր որդին է: Նա նաև քաշել է իր զարմուհու` Միա Թինդալի վարսերից: Նա Մայք Թինդալի և Զառա Թինդալի ավագ դուստրն է: Իսկ Զառա Թինդալը թագուհու միակ դստեր` արքայադուստր Աննայի դուստրն է:
Մոր բազմաթիվ զգուշացումները, նաև հոր սաստող հայացքը չեն կարողացել կարգի հրավիրել փոքրիկ չարաճճի արքայազնին, և նա, ի վերջո, հայտնվել է պապի` արքայազն Չառլզի գրկում:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
150-ԱՄՅԱ ՇՈԳԵՔԱՐՇԸ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ԹԱԳՈՒՀՈՒ ՊԼԱՏԻՆԵ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ
Մի խումբ բրիտանացիներ հաջողել են նստել ավելի քան 150 տարվա վաղեմության շոգեքարշը, որը վերագործարկվել է Անգլիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու գահակալության 70-ամյակի առթիվ:
Վիկտորյա թագուհու դարաշրջանի շոգեմեքենան՝ Poplar-ը, վերականգնվել է պլատինե հոբելյանի առնչությամբ, 150.000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ նախագծով և իր առաջին ուղևորությունը կատարել է Քենթի Թենթերդեն քաղաքից:
Ուղևորները կառամատույցից հեռանալիս պատուհաններից մեծ խանդավառությամբ ծածանել են Մեծ Բրիտանիայի դրոշակները: Ուղևորներից մեկը`Քերոլ Դենիելսը, ասել է, որ այս հոբելյանն ապացուցում է, որ իրենց «96-ամյա թագուհին դեռ ուժեղ է»:
Կայարանապետ Ջեֆ Քոլվինը, որը թոշակի անցած սոցիալական աշխատող է, ասում է, որ այս հոբելյանն իր համար առանձնահատուկ է, քանի որ միապետուհու թագադրման ժամանակ է ինքը լույս աշխարհ եկել:
Ջեֆ Քոլվին (կայարանապետ) - Ես այս տարի դարձա 70 տարեկան: Ուստի այս հոբելյանն ինձ համար նաև անձնական տոն է: Ես մեծացել եմ թագուհու գահակալությանը զուգընթաց:
Մեծ Բրիտանիայում թագուհու պլատինե հոբելյանին նվիրված քառօրյա տոնակատարությունների ժամանակ ընդհանուր առմամբ 16 հազար բացօթյա տոնախմբություն է անցկացվել:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԵՂԻՍԱԲԵԹ 2-Ի ՊԼԱՏԻՆԵ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՔԱՌՕՐՅԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քառօրյա տոնակատարությունները, որոնք նվիրված էին Անգլիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու պլատինե հոբելյանին, ավարտվել են: Այդ առիթով թագավորական տան հարյուրավոր երկրպագուներ են հավաքվել Բուքինգհեմյան պալատի մոտ և ոգևորված երգել` God Save the Queen` «Աստված, պահիր թագուհուն» արքայական օրհներգը:
Ռեյչլ Փեյջ (թագավորական տան երկրպագու) – Սա քառօրյա միջոցառումների հրաշալի եզրափակիչ ակորդն էր: Ուրախ էի, որ Նորին մեծությանը պատշգամբում տեսա: Փայլուն ավարտ էր:
Տեղարժման խնդիրների պատճառով Անգլիայի 96-ամյա միապետուհին իր հոբելյանին նվիրված ոչ բոլոր միջոցառումներին է կարողացել անձամբ ներկա լինել: Սակայն ընտանիքի անդամների հետ իր երկրպագուների համար պատշգամբ, այդուհանդերձ, դուրս է եկել: Անգլիացիներից շատերը համոզված են, որ Եղիսաբեթ 2-րդից հետո Անգլիայի թագավորական տունն այնքան մեծ համբավ չի ունենա, որքան այժմ:
ԻՏԱԼԻԱ
ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ՆԱՎԱԿՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ
Թիավարները մասնակցել են Վենետիկի ամենասիրված ռեգատներից մեկին՝ Վոգալոնգային: Ավելի քան 1700 նավ է դուրս եկել Սուրբ Մարկոսի ծովածոցից՝ մասնակցելու դիտարժան ռեգատային, որն ամեն տարի հազարավոր մարդկանց է գրավում ամբողջ աշխարհից:
2020 թվականին նավակների այս մրցավազքն անցկացվել է վիրտուալ, իսկ 2021-ին` կրճատված տարբերակով: Պատճառը կորոնավիրուսն էր: Այս տարի մոտ 7 հազար թիավարողներ` արհեստավարժ և սիրողական, իրենց նավերով դուրս են եկել 30 կմ ձգվող ջրանցք: Իրականում նրանք ոչ այնքան մրցում են միմյանց հետ, որքան իրենց այս նախաձեռնությամբ ահազանգ են հնչեցնում ջրանցքների քաղաք Վենետիկին սպառնացող վտանգների մասին: Սա մի միջոցառում է, որն անցկացվում է 1974 թվականից ի վեր:
Տարիների ընթացքում ջրային մարաթոնին մասնակցող նավակների և թիավարների թիվը զգալիորեն ավելացել է: Ցանկացած մարդ կարող է մասնակցել դրան: Մարդիկ սովորաբար ընտրում են իրենց սիրելի նավն ու սկսում թիավարել՝ վայելելու պատմական իրադարձության շունչն ու ոգին:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՍՏՐԱԴԻՎԱՐԻՈՒՍԻ ԲԱՑԱՌԻԿ ՋՈՒԹԱԿԸ ՀԱՆՎԵԼ Է ԱՃՈՒՐԴԻ
Իտալացի հայտնի վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի 1679 թվականի հազվագյուտ ջութակը հաջորդ ամիս աճուրդի կհանվի: Այն կարող է վաճառվել մինչև 11 միլիոն դոլարով:
Ջութակը կոչվում է Hellier, այն Ստրադիվարիուսի երբևէ պատրաստած ամենամոդայիկ և լավագույն ջութակն է: Նախատեսվում է, որ հուլիսի 7-ին «Քրիստիի» կազմակերպած աճուրդի ամենանշանավոր նմուշն է լինելու:
Բրայմա Կաննե-Մեյսոն (ջութակահար) - Այս կարգի ջութակները հաճախ համեմատում են սպորտային մեքենաների հետ: Դուք նախ պետք է սովորեք, թե ինչպես պետք է դրանք վարել: Իսկ երբ արդեն տիրապետում եք, անհավանական հաճելի զգացողություն եք ունենում:
Ջութակը նույնիսկ շեղանկյունաձև փղոսկրերով է զարդարված և ոսկեգույն լաքով պատված: Ստրադիվարիուսն այս ջութակն իր մոտ պահել է 55 տարի: Այն վաճառել է 1734 թվականին՝ 40 ֆունտով, Սամուել Հելլիերին:
Ստրադիվարիուսի ջութակներն աճուրդներում սովորաբար վաճառվում են 8-20 միլիոն դոլարով: Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ստրադիվարիուսն ավելի քան 1100 ջութակ է պատրաստել: Դրանցից միայն մեկ տասնյակն է զարդարել: Աճուրդի հանված այս ջութակը շատ լավ է պահպանված:
ԿԱՆԱԴԱ
ՊԻՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՏՈՐՈՆՏՈՅՈՒՄ
Կանադայի Տորոնտո քաղաքում արտասովոր ցուցադրություն է կազմակերպվել: Քաղաքի երկինքը լցվել է ծիածանի բոլոր գույների ծխով: Պիրոտեխնիկայի այս շոուի նպատակն էր ահազանգ հնչեցնել Երկիր մոլորակի կլիմայական փոփոխությունների մասին:
Արվեստագետ Ջուդի Չիկագոյի խոսքով՝ այս նախաձեռնությամբ ցանկացել են պատկերավոր ցույց տալ, իրազեկել, թե ինչ վիճակում է այժմ գազերով լցված Երկիր մոլորակը:
Հրավառության շոուն անցկացվել է Օնտարիո լճում: Հրավառությունը և գունավոր ծխի հսկա քուլաները տեսնելու համար հարյուրավոր հանդիսականներ են հավաքվել լողափին:
Չիկագոյի «Հարգանքի տուրք Տորոնտոյին» խորագիրը կրող ցուցահանդեսն արվեստագետի վերջին աշխատանքն է, որը զուգակցվում է պիրոտեխնիկայի հետ կապված լայնածավալ տեսարաններով:
ԱՐԳԵՆՏԻՆԱ
ԱՐԳԵՆՏԻՆԱՆ՝ ՊԻՑՑԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽՈՀԱՐԱՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ
Ամբողջ Ամերիկա մայրցամաքից պիցցայի վարպետները հանդիպել են Բուենոս Այրեսում՝ մասնակցելու պիցցայի համաամերիկյան մրցաշարին ու պիցցայի և էմպանադայի՝ միջուկով կարկանդակի 10-րդ առաջնությանը:
Երկու առաջնություններն էլ անցկացվում են DEGUSTA 2022 Food Expo-ի շրջանակում, որտեղ մասնակիցները մրցում են բեմում, պիցցա են պատրաստում 12 ջեռոցում՝ ժյուրիի 30 անդամի ներկայությամբ, որոնց թվում կան լրագրողներ և խոհարարներ: Հաղթող է ճանաչվել Արգենտինայի մասնակիցը:
Ֆրանցիսկո Վերգարա (Պիցցայի առաջնության հաղթողը) – Այդ պահին ոչինչ չես մտածում, միայն փորձում ես կենտրոնանալ, խորեոգրաֆիայիդ ես ուշադրություն դարձնում: Հետո թույլ ես տալիս, որ հավասարակշռվի այն ամբողջ ադրենալինը, որ ստանում ես այդ ամենից, հավաքում ես կամքդ ու վստահությունդ, հիշում ես այն ամենը, ինչ սովորել ես փորձերի ժամանակ և աշխատում հաղթել:
Խոհարարական առաջնություններին մասնակցել են ներկայացուցիչներ Մեքսիկայից, ԱՄՆ-ից, Չիլիից, Կոլումբիայից, Կուբայից, Ուրուգվայից, Պերուից, Պարագվայից, Հայիթիից, Վենեսուելայից և Արգենտինայից, ընդհանուր առմամբ՝ 150 հոգի:
Հաղթող ճանաչված արգենտինացի մասնակիցն իր հայրենիքը կներկայացնի 2023 թվականին Իտալիայի Պարմա քաղաքում անցկացվող պիցցայի աշխարհի առաջնությանը:
ԵԳԻՊՏՈՍ
ԱՐՏԱՍՈՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ՝ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Օգտագործելով արևի լույսը, ավազ ու հավկիթ և արտասովոր այլ նյութեր՝ եգիպտոսցի Հոսամ Գամալը ստեղծում է հայտնի մարդկանց դիմանկարներ: Եվ այդ ամենն անում է այնպիսի վարպետությամբ, որ միայն նայելիս արդեն կարելի է մեծ բավականություն ստանալ:
Օրինակ՝ խոշորացույցի օգնությամբ փայտը վառելով՝ ստանում է Մերիլին Մոնրոյի դիմանկարը:
Հոսամ Գամալ (նկարիչ) - Այդ տեսակի գծանկարներ անելիս դժվարն այն է, որ հարկավոր է մեկ ժամ մնալ արևի տակ, որպեսզի ավարտես նկարը: Իսկ դա վնասակար է մարմնի և աչքերի համար, բայց ես պատրաստ եմ ամեն ինչ անել՝ հանուն արվեստի:
Գամալը նկարում է նաև ստվարաթղթե խորանարդիկների վրա, իսկ հետո դրանք իրար վրա դնելով ու հավաքելով՝ ստանում Ջեք Ճնճղուկի նկարը՝ հայտնի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից, որին մարմնավորել է Ջոնի Դեփը:
Նախ սոսնձով նկարում է սև թղթի վրա, հետո ավազ շաղ տալիս վրան ու ստանում եգիպտոսցի ֆուտբոլիստ Մուհամմեդ Սալահի դիմանկարը, իսկ Մոնա Լիզային «ստանում» է ձվածեղ պատրաստելիս:
Պարզվում է, որ այս ամենն իրականում Գամալի համար հոբբի է: Նա ենթակառուցվածքների ընկերություններից մեկում է աշխատում, իսկ նման կերպարներ արտասովոր տարբերակով ստանալիս ուրախություն է հաղորդում սեփական կյանքին և, իհարկե, շրջապատի մարդկանց: