Մ4 Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհն այս օրերին միակողմանի փակ է: Մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները:
Էդգար Վարդանյան (նախագծի ղեկավար) - Մի քիչ դժվար է, բայց դե, կաշխատենք հնարավորինս շուտ բացել, երեկոյան 6-ից հետո բացվում է ճանապարհը, դառնում երկկողմանի, առավոտյան 6-ին՝ նորից փակվում:
Այս պահին աշխատանքներն ընթանում են մայրուղու 10-24-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում: Ճանապարհի տեխհսկումն իրականացնում է դեպարտամենտը: Պետբյուջեից դրա համար հավելյալ միջոցներ չեն տրամադրվել, իսկ 14.5 կմ երկարությամբ հատվածի միջին նորոգման պայմանագրային արժեքը 669 մլն դրամ է:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Միջին նորոգման աշխատանքները այն աշխատանքներն են, երբ որ մենք փոխում ենք մաշման շերտը, փոխարինում ենք ասֆալտբետոնի վերևի շերտը նորով՝ փորձելով երկարացնել ճանապարհի կյանքը:
Այս տարի նախատեսվում է աննախադեպ՝ շուրջ 200 կմ միջին նորոգման աշխատանքներ իրականացնել: Սկսել են Երևան-Սևանից, որը, ըստ Ավետիսյանի, վերջին անգամ նորոգվել է 2002-ին:
Գոռ Ավետիսյան - Առաջին հայացքից շատ լավ վիճակում է գտնվում, բայց բազմաթիվ տեղեր երկայնական ու լայնական ճաքեր են առաջացել, որոշ տեղեր նույնիսկ ցանցային ճաքեր, եթե այս միջոցառումը չձեռնարկեինք, որոշ ժամանակ հետո հնարավոր է՝ հիմնանորոգման հարց առաջանա, ինչը մի քանի անգամ ավել ծախսի հարց է:
Աշխատանքների իրականացման համար սահմանված է 120 օր, բայց շինարարները խոստանում են ավարտել շատ ավելի վաղ:
Էդգար Վարդանյան - Աշխատանքները սկսել ենք ամսի 5-ից, արել ենք մոտ 3 կմ ֆրեզ, տեղադրելու ենք հարթեցնող շերտ, դրանից հետո տեղադրելու ենք 5 սմ ասֆալտբետոն: Նախատեսել ենք օրը մոտ 1 կմ և ավելի վերին շերտի ասֆալտի տեղադրում: Աշխատանքի ընդհանուր ծավալը 15 կմ է, մոտ 170 հազար քառակուսի:
Մ4 մայրուղու 14.7 կմ-ի վրա գտնվող կամուրջը, որը լրջորեն վնասվել էր 2020-ին տեղի ունեցած պայթյունից, հիմնանորոգվում է:
Գոռ Ավետիսյան - Փորձում ենք կամուրջն ամբողջովին հիմնանորոգվել, ապահովել անվտանգ երթևեկությունը: Կամրջի շինարարությունը, ինձ թվում է, երկար կտևի, աշնանը կհանձնենք շահագործման:
Հայաստանի տուրիստական ամենաբանուկ ճանապարհներից մեկի միջին նորոգումն իրականացնելը, այն էլ՝ տարվա այս սեզոնին, հետ չէ՝ նշում են շինարարներն ու խնդրում քաղաքացիներին՝ երթևեկը կարգավորող ճանապարհային նշաններն ու լուսանդրադարձիչները չգողանալ: