Մայիսին երկրում 9 տոկոս գնաճ է եղել, սա չափազանց բարձր թիվ է՝ արձանագրեց գլխավոր դրամատան նախագահը՝ խորհրդարանում խոսելով սպառողական գների ինդեքսից: Առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում, սակայն, գնաճն ավելի բարձր է՝ ասաց Մարտին Գալստյանը, բացատրեց, թե ինչու գները չեն կայունանում անգամ այս շրջանում, երբ դրամն օր օրի ավելի է արժևորվում:
Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Այս փուլում, երբ փոխարժեքը արժևորվել է, ապրանքների միջազգային գները կտրուկ բարձրացել են՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, օրինակ՝ ցորենը գտնվում է պատմական մաքսիմումի վրա, արևածաղկի ձեթը և այլն, ու էդ առաջին անհրաժեշտության ապրանքների համար կա միջազգային գների շատ մեծ գնաճ:
Երկրորդ գործոնն էլ, ըստ Գալստյանի, Վերին Լարսում արտահանողների տրանսպորտային խնդիրներ են: Այս առումով գնաճի վրա ազդողը ոչ այնքան փոխարժեքն է, որքան ռուս-վրացական անցակետի տարողունակությունն ու ընդհանուր ծախսերի ավելացումը:
ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Ու մինչև ազգային արժույթն արժևորվում է, դոլարն ու եվրոն են անկում ապրում: Բանկերում մեկ դոլարն այսօր միջինը 420 դրամով է վաճառվում, եվրոն՝ 447-ով: Փոխարժեքի շուկայում նման զարգացումների վրա, ըստ Գալստյանի, Կենտրոնական բանկը որևէ ազդեցություն չունի: Կունենար, երբ արտարժույթ վաճառեր, սակայն տարվա ընթացքում արել է հակառակը՝ ասաց բանկի նախագահը: Ըստ նրա՝ մոտ 100 մլն դոլարին համարժեք արտարժույթ է ձեռք բերվել: Նա նորից հիշեցրեց՝ փոխարժեքը ձևավորվում է ազատ առաջարկի և պահանջարկի հիման վրա:
Մարտին Գալստյան - Մենք ինտերվենցիաներ արել ենք միայն այն դեպքում, երբ շուկայում նկատել ենք որոշակի շուկայական մեխանիզմների խեղաթյուրումներ:
Դոլարի արժեզրկումը, սակայն, բացասաբար է ազդել որոշ ոլորտների վրա: Հարվածի տակ ընկել են հատկապես արտահանողները՝ նկատեցին պատգամավորները: Դիտարկմանը Գալստյանն արձագանքեց:
Մարտին Գալստյան - Հիմա հորդորը ԿԲ-ին, որ արհեստականորեն մտնի շուկա, միջամտի ու արհեստականորեն արժեզրկի ազգային արժույթը, որը գուցե կօգնի տնտեսվարողների որոշակի խմբի, մասնավորապես՝ արտահանողներին, բայց պետք է հասկանանք, թե դրա համար ով է վճարելու: Դրա համար վճարելու է լայն հասարակությունը, որովեհտև եթե փոխարժեքը այսօր, պայմանականորեն, լինի այսօրվա փոխարժեքից բարձր, մենք կունենանք գնաճի շատ ավելի բարձր մակարդակ, որն անխուսափելիորեն հանգեցնելու է մեր հայրենակիցների կենսամակարդակի ավելի նվազման:
ԿԲ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՏՈՒԺՈՂ ՀԱՏՎԱԾԻՆ
Իրավիճակին, սակայն, լուծում կա: Գլխավոր դրամատան նախագահն առաջարկում է օգտվել միջազգային լավագույն փորձից ու գնալ սեկտորային քաղաքականության իրականացման՝ օժանդակելով տուժող հատվածին:
Մարտին Գալստյան - էդ օժանդակությունը կարող է լինի ինդուստրիալ քաղաքականությունը, հավելյալ սուբսիդիաների կամ որոշակի հարկերի նվազման կամ ինչ-որ պահային օժանդակության միջոցով, որովհետև գնաճը բերում է հավելյալ հարկային եկամուտներ: Հավելյալ հարկային եկամուտների վերաբաշխման միջոցով գուցե պետք է արձագանքենք էս ստեղծված խնդրին:
Ապագայի կանխատեսումները, ըստ Գալստյանի, հուսադրող չեն: Վերջին նման գնահատականը ՖԱՈ-ն է տվել: Ու խնդիրն այստեղ ոչ թե տնտեսական է, այլ ռազմաքաղաքական: Աշխարհում անորոշ է մնում ցորենի, ձեթի, շաքարի մատակարարման շղթաների հարցը: Ինչ վերաբերում է մեր երկրին, Գալստյանն ասաց.
Մարտին Գալստյան - Մեր կանխատեսումների համաձայն՝ այս պահին եղած 9 տոկոս գնաճը, գուցե, մոտակա մի քանի ամսվա ընթացքում կարող է ևս որոշակի բարձրացման միտումներ ցուցաբերել, բայց եթե որևէ նոր արտասովոր բան տեղի չունենա, տարվա վերջին այս պահի դրությամբ ունեցած գնաճից ավելի ցածր գնաճ կունենանք:
Վաղը ԿԲ-ը խորհրդի նիստ կանցկացնի՝ տեղեկացրեց Մարտին Գալստյանը: Ֆինանսավարկային հանձնաժողովը այսօր հավանություն տվեց նաև 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը և ի գիտություն ընդունեց 2022-ի առաջին եռամսյակի տեղեկանքը, ըստ որի՝ փաստացի 8.6 տոկոս տնտեսական աճ է գրանցվել: Դրա վրա առավել շատ ազդեցություն են ունեցել առևտուրն ու շինարարությունը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ 2021-ի առաջին եռամսյակի համեմատ այս հունվար- մարտին էլ 20.3 տոկոսով ավելի շատ հարկային եկամուտներ են ապահովվել: