Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը ամրապնդել է անդրատլանտյան կապերը, սակայն Եվրամիությունը պետք է հոգա իր մասին՝ ասել է բյուջեի հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի հետ իրավիճակը կրկին ամրապնդել է անդրատլանտյան հարաբերությունները, սա լավ է և կարևոր: Բայց, այնուամենայնիվ, մենք պետք է հոգ տանենք մեր մասին»,- ասել է նա Լյուքսեմբուրգում՝ կապիտալի շուկաներին նվիրված համաժողովում:
Այդ պատճառով էլ, եվրահանձնակատարի խոսքով, ԵՄ երկրները որոշումներ են կայացնում իրենց պաշտպանական բյուջեներում ներդրումներն ավելացնելու, ինչպես նաև միության մակարդակով ավելի ներդաշնակ աշխատելու մասին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ իր հերթին է կոչ արել ավելացնել եվրոպական երկրների պաշտպանական բյուջեներն Ուկրաինայում շարունակվող զինված հակամարտության ֆոնին։ Երկուշաբթի ելույթ ունենալով Eurosatory-ում՝ Փարիզում ռազմական արդյունաբերության ցուցահանդեսում, Ֆրանսիայի ղեկավարը հաստատել է, որ Արևմտյան Եվրոպայի ամենամեծ երկիրն այժմ գտնվում է «պատերազմական տնտեսության մեջ»:
Ինչպես գրում է Le Monde թերթը, DGA-ն՝ սպառազինությունների կառավարական գործակալությունը, քննարկում է օրինագիծ, որը թույլ է տալիս քաղաքացիական սարքավորումների կամ նույնիսկ սպառազինության ամբողջ գործարանների առգրավումը Ֆրանսիայում: Քանի որ եվրոպական կառավարությունները մեծացնում են պաշտպանական բյուջեները, նրանց անհրաժեշտ է ավելի մեծ պաշտպանական արդյունաբերություն ԵՄ-ում՝ նոր ռազմական կարիքները բավարարելու համար:
«Եվրոպային անհրաժեշտ է «շատ ավելի ուժեղ և շատ ավելի հավակնոտ» պաշտպանական արդյունաբերություն, քան այժմ է»,- ասել է Մակրոնը: