Հայաստանում է ֆիզիոլոգիայի և բժշկության գծով 2021 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը: Այսօր Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Պատապուտյանն այցելել են «Սինոփսիս Արմենիա», շրջել ընկերությունում, այնուհետև մասնակցել քննարկման ու պատասխանել գիտնականների հարցերին:
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Փաթափությանի մրցանակը կարևոր է ոչ միայն իր, այլև Հայաստանի համար: Փաթափությանը Նոբելյան մրցանակի արժանացած առաջին հայն է:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Կարծում եմ՝ լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է իսկապես գիտությամբ ավելի հայտնի դառնալ աշխարհում և առավել ևս, երբ մենք գնահատում ենք մեր այսօրվա հնարավորությունները ՀՀ-ի, իսկապես մենք ռեսուրսներ չունենք՝ մարդկային, բնական, բայց մենք կարող ենք մեր գիտելիքով աշխարհին ներկայանալի դառնալ:
Մենք պետք է կարողանանք իրար հետ առաջ գնալ. իրար հետ առաջ գնալու համար պետք է կարողանանք հասկանալ, թե ուր ենք գնում, ինչ նպատակներ են մեր առջև դրված և այսօրվա օրը այդ առումով սիմվոլիկ է. մենք գնում ենք դեպի գիտություն, դեպի բարձր տեխնոլոգիաներ, մենք այլ ընտրություն չունենք: