Եվրոպան ստիպված կլինի գոյակցել Ռուսաստանի հետ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումից հետո, ուստի անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ։ Այդպիսի հայտարարություն է արել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Le Journal du Dimanche-ի հետ հարցազրույցում։
Բորելը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, թե «Ռուսաստանին չի կարելի նվաստացնել», նշելով, որ այդ հայտարարությունը «արտացոլում է իրականությունը»։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «Ռուսաստանը կշարունակի գոյություն ունենալ խաղաղ բանակցություններից հետո»։ Եվրոպան, նշել է նա, պետք է հստակ «սահմանի, թե ինչպես ապրել դրա հետ»։
«Նման համակեցությունը շատ դժվար կլինի Ուկրաինայում Ռուսաստանի արածից հետո։ Բայց, միևնույն է, պետք է փորձենք գոյակցել ռուսների հետ այս մայրցամաքում, պետք է շարունակենք խոսել Ռուսաստանի հետ»,- ամփոփել է դիվանագետը։