Քաղաքական բանակցություններից զատ, Հայաստանը փորձում է գտնել իրավական մեխանիզմներ՝ ապահովելու Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը:
Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Մենք գիտենք, որ էս ամենի պատճառն այն է, որ այդ անձինք հայ են, այսինքն՝ պատժի հիմքում ռասիզմն է: Այն, որ ի վերջո վերադառնալու են, դա պարզ է, որովհետև պատիժը կրելուց հետո երաշխիք վերցնենք, որքան էլ աբսուրդ թվա, դա Ադրբեջանի օրենքն է՝ քրեական օրենսգիրքն է, քրեական օրենքն է, պատիժը կրելուց հետո անձը ազատվում է, բացառությամբ իհարկե, եթե պայմանական, վաղաժամկետ կամ պրոբացիոն համակարգեր չեն կիրառվում. երաշխիքը դա է:
Ի՞նչ իրավական մեխանիզմներ կան թշնամական երկրում դատապարտված անձի վերադարձի համար, երբ, օրինակ, անձն արդեն կրել է սահմանված պատիժը: Խծաբերդի և Հին Թաղերի տարածքից գերեվարված 14 հայ զինծառայողից 2-ին Ադրբեջանը դատապարտել էր 4 տարի ազատազրկման: Նրանց պատժի կրմանը մնացել է 3 տարի: Դրանից հետո նրանց վերադարձն ապահովելու հարցում կարող է նաև էական ազդեցություն ունենալ միջազգային ճնշումը, եթե իհարկե, Ադրբեջանն այդ անձանց նկատմամբ հավելյալ մեղադրանքներ չհորինի:
Արա Ղազարյան - Միջազգային ճնշման գործընթացը, թեկուզ ԵԽ քաղաքական սանկցիայի կիրառումն է՝ իր հանձնարարականը չկատարելու հիմքով: Հաջորդը. ՄԱԿ-ի մարմինները կարող են նույնպես սանկցիաներ կիրառել, մոնիտորինգային մարմինները կարող են ներկայացնել իրավիճակը: Առավել ռեալ քաղաքական ճնշման գործիքներ չկան, քանի որ պետությունները ինքնավար են իրենց գործողություններում:
Ադրբեջանի կողմից հաստատված ու այնտեղ պահվող 38 անձի դատապարտել են 4-20 տարի ազատազրկման՝ առաջադրված կեղծ մեղադրանքներով՝ իբրև ահաբեկիչներ ու լրտեսներ: 2020-ի նոյեմբերի 10-ին Արցախին օգնություն հասցնող երկու ընկերոջ՝ Գևորգ Սուջյանին և Դավիթ Դավթյանին, Բաքվի դատարանը դատապարտել է 15 տարի ազատազրկման, Ալյոշա Խոսրովյանին և Լյուդվիգ Մկրտչյանին՝ 20 տարի՝ պնդելով, թե Ղարաբաղյան առաջին պատերազմում նրանք հանցագործություններ են կատարել ադրբեջանական բանակի դեմ։ Արա Ղազարյանի խոսքով՝ միջազգային բազմաթիվ կառույցներ կասկածի տակ են դնում այդ դատավարությունների արդարացիությունը: Ամենաթարմ օրինակը հունվարին ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևն էր:
Արա Ղազարյան - ԵԽԽՎ-ն իր բանաձևում արտահայտվեց դրա մասին, ԵԽ տարբեր հարթակներում հնչել են կարծիքներ, ի վերջո, նաև երկու հարթությունում՝ Եվրոպական դատարանում և Հաագայի դատարանում, այս խնդիրը նույնպես իրավական վեճի առարկա է: Չի կարող այս ամենը աշխարհի ուշադրություն չգրավել, ուղղակի Ռուսաստան-Ուկրաինա այս պատերազմի ֆոնի վրա այդ աստիճան նշանակություն չի տրվում կեղծ դատավարություններին:
Հայաստանը հումանիտար այս հարցը բարձրացնում է միջզգային հնարավոր բոլոր հարթակներում՝ ջանքեր գործադրելով բանակցությունների միջոցով ապահովել տղաների վերադարձը: Ամբողջ հարցն, ըստ Ղազարյանի, այն է, որ անձինք անմեղ են, ռազմական գործողություններին մասնակցությունը հանցագործություն չէ: