Լեռնային Ղարաբաղում և 2020 թվականի նոյեմբերին 9-ի եռակողմ հայտարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության վերաբերյալ մտահոգությունները դեռ պահպանվում են, արձանագրված է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի հրապարակած՝ Ադրբեջանի վերաբերյալ նոր զեկույցում:
Կոռնուոլի համալսարանի աջակցությամբ իրականացվող Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությունը արբանյակային պատկերների միջոցով փաստագրել է երկու հայկական գերեզմանnցի nչնչացnւմը: Արձանագրված է նաև, որ մի քանի եկեղեցի վնասված են թվում, իսկ որոշները վտանգված են հարակից տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով: Ադրբեջանի կառավարությունը 2020 թվականին հայտարարել էր, որ երկու զինվnրի մեղադրանք է առաջադրվելու հայկական տապանաքարերը nչնչացնելու համար, սակայն այդ երկրի իշխանությունները հրաժարվում են հիշատակված դեպքի մասին որևէ նոր տեղեկություն հրապարակել:
Զեկույցում հիշեցվում է, որ դեկտեմբերին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել էր ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և հայկական մշակութային ժառանգության պղծման դեպքերը: ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի աչքից չի վրիպել նաև, որ Բաքուն բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում ուխտավորների համար` խոչընդոտելով նրանց մուտքը հայկական եկեղեցիներ:
Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ 2021 թվականին կրոնական ազատության տեսանկյունից՝ Ադրբեջանում բացասական միտում է նկատվել:
2021 թվականին Ադրբեջանի կառավարությունն անսպասելիորեն հայտարարեց դավանանքի ազատության մասին սահմանափակող օրենքը փոփոխելու մասին՝ փաստացիորեն նոր սահմանափակումներ մտցնելով կրոնական համայնքների համար: Փոփոխությունների արդյունքում գրեթե բոլոր կրոնական առաջնորդների ընտրությունը հաստատվում է կառավարության կողմից։ Որոշ կրոնական միջոցառումներ կարող են իրականացվել միայն հաստատված տարածքներում, իսկ ծառայություններն ու կրոնական ծեսերը պետք է իրականացվեն միայն Ադրբեջանի քաղաքացիների կողմից:
Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի գնահատմամբ՝ Բաքուն ակտիվորեն միջամտում է կրոնական հարցերին: Հղում կատարելով տարբեր միջազգային կազմակերպություններին՝ զեկույցում արձանագրվել է, որ Ադրբեջանում կան նաև կրոնական գործունեության հետևանքով բանտերում հայտնված տասնյակ քաղաքացիներ:
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի հրապարակած զեկույցն ամփոփվում է կոչով՝ ներառել Ադրբեջանը ԱՄՆ Պետդեպարտամենտի Հատուկ հսկողության ցուցակում՝ երկրում առկա կրոնական ազատության լուրջ խախտումների և պետության կողմից դրանք հանդուրժելու համար: