***
Սերբիայի և Կոսովոյի անդամակցությունը Եվրամիությանը հնարավոր չէ առանց Բելգրադի և Պրիշտինայի փոխադարձ ճանաչման: Այդ մասին Պրիշտինայում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Նա Արևմտյան Բալկաններ ուղևորությունը սկսել է հենց Կոսովոյից: Շոլցը հայտարարել է, որ, ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելով, Կոսովոն ցույց տվեց, որ կանգնած է ԵՄ-ի կողքին: «Կոսովոն և Սերբիան պետք է համապարփակ պայմանագրի հասնեն: Պարզ է, որ համաձայնագիրը պետք է լուծի Կոսովոյի և Սերբիայի փոխադարձ ճանաչման հարցը, որովհետև երկու երկրները չեն կարող ԵՄ-ի մաս դառնալ՝ մեկը մյուսին չճանաչելով»,- նշել է Գերմանիայի կանցլերը: Կոսովոյից Շոլցը մեկնել է Բելգրադ, որտեղ պլանավորված է եղել նրա հանդիպումը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ:
***
Չինաստանը և Հնդկաստանը սկսել են ավելի շատ նավթ գնել ՌԴ-ից: Դա հանգեցնում է հակառուսական պատժամիջոցների արդյունավետության նվազման: Այդ մասին գրել է ճապոնական Nikkei Asia պարբերականը: Տեղեկատվության համաձայն՝ Պեկինը մայիսին օրական գնել է ծովով փոխադրվող 800 հազար բարել ռուսական նավթ: Համապատասխան ցուցանիշը հունվարի համեմատությամբ ավելացել է 40 տոկոսով: Իր հերթին Հնդկաստանի կողմից այդ հումքի գնումների ծավալի մակարդակը մայիսին հասել Է օրական 700 հազար բարելի նշագծին, թեև հունվարին նման մատակարարումներ չեն իրականացվել: Ինչպես նշում Է Nikkei-ը, ԱՄՆ-ը և Եվրոպան Չինաստանին և Հնդկաստանին կոչ են անում ձեռնպահ մնալու ռուսական նավթի գնումներից, սակայն ռուսաստանյան համեմատաբար էժան էներգակիրները «նրանց Էական տնտեսական առավելություններ են ընձեռում»:
***
ՌԴ-ում Լուգանսկի դեսպան Ռադիոն Միրոշնիկը հայտնել է, որ ուկրաինացի զինյալները արգելափակվել են Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում: Քիմիական միավորման տարածքում գտնվող ուկրաինացի զինվորականները բանակցության հնարավորություններ են փնտրում: Սակայն այդ փոքր խմբավորումն այլևս չի կարող լքել ձեռնարկությունը: Նրանց համար կտրվել են նահանջի բոլոր ուղիները»,- գրել է Միրոշնիկը: Նրա խոսքով՝ «զինյալների առանձին ներկայացուցիչներ փորձում են կապ հաստատել դաշնակից ուժերի հետ և ինչ-որ պայմաններ առաջ քաշել»։ «Նրանց բացատրում ենք, որ ոչ մի պայման չի ընդունվելու, պետք է զենքերը վայր դնեն ու հանձնվեն, այլ տարբերակ չկա»,- հավելել է դեսպանը։ Միրոշնիկը նշել է, որ «Ազոտ» գործարանում կան նաև քաղաքացիական անձինք, նրանց ճշգրիտ թիվը, սակայն, դեռևս հայտնի չէ:
***
Դոնեցկի դատարանը բրիտանացիներ Շոն Փիններին և Էյդեն Ասլինին, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Սաադուն Բրահիմին մեղավոր է ճանաչել վարձկանության, իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի, ինչպես նաև ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով վերապատրաստվելու համար: Երեքն էլ մահապատժի են դատապարտվել։ Ըստ ուկրաինական կողմի՝ երեքն էլ Ուկրաինայի զինված ուժերի անդամներ են, որոնք պայմանագրեր են կնքել մինչև ռուսական հատուկ ռազմական գործողության սկիզբը։ Նրանք մի քանի տարի ապրել են Ուկրաինայում, նրանցից մեկն ունի Ուկրաինայի անձնագիր։
***
Բրիտանիայի իշխանությունները ԴԺՀ-ին հորդորել են «գթասիրտ լինել» գերի ընկած բրիտանացիների հանդեպ։ Իսկ փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը խոստացել է ներկայացնել բոլոր անհրաժեշտ միջնորդությունները՝ դատավճիռը բողոքարկելու համար։ Դատապարտյալների փաստաբան Պավել Կոսովանն էլ հայտարարել է, որ իր պաշտպանյալները մահապատժի որոշում չէին սպասում և մտադիր են վճիռը բողոքարկել:
***
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և այլ նախարարների նկատմամբ։ Պատժամիջոցներ են սահմանվել ընդհանուր 35 անձի նկատմամբ: Սերգեյ Լավրովն ի պատասխան Զելենսկու հրամանագրի, ասել է, թե Կիևի նման որոշումն արժանի չէ Մոսկվայի որևէ պատասխան քայլի:
Միաժամանակ, Շվեյցարիան հաստատել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ներառյալ ռուսական նավթի էմբարգոն: Բացի այդ, Համադաշնության իշխանությունները որոշել են ֆինանսական պատժամիջոցներ կիրառել և մուտքի արգելք սահմանել ևս 100 անձի համար։
***
Դոնբասում «հրետանային պատերազմ» է ընթանում, և դրա արդյունքը կախված է նրանից, թե Արևմուտքը ինչ քանակի և ինչպիսի զենք կտա Ուկրաինային։ Այդ մասին Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին ասել է բրիտանական Guardian թերթին: Նրա խոսքով՝ Կիևն այս հրետանային դիմակայությունում պարտվում է Մոսկվային և գրեթե ամբողջությամբ ապավինում արևմտյան զենքին։