Սեպտեմբերի 1-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը պրոֆեսոր, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի համար սահմանել է աշխատավարձի բարձրացում:
Սուրիկ Խուդավերդյան (տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) - Սա ավելի շատ ես դիտարկում եմ համակարգային բարելավման պրոցես:
Մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը կտրուկ փոխելու է վերաբերմունքը գործի նկատմամբ՝ վստահեցնում է պրոֆեսոր Խուդավերդյանը: Ֆինանսական ավելացումն իր հետ կբերի կրթական, գիտական նոր ռազմավարություն: Պրոֆեսորներին ուրախացնում է փաստը, որ ուսանողները ավարտելուց հետո կձգտեն զբաղվել գիտությամբ:
Սուրիկ Խուդավերդյան - Դա կբերի ոչ միայն անհատի գործելակերպի բարելավմանը, այլև օրինակ կծառայի երիտասարդ մասնագետների՝ ձգվելու դեպի այդ ասպարեզ և այնպիսի մակարդակ ստեղծելու, որը կապահովի Պոլիտեխնիկի և՛ մեծ հնարավորությունները, և՛ յուրաքանչյուրի, ինչու չէ, ընտանիքը բարեկեցիկ պահելու հնարավորություն:
Առաջարկությունների փաթեթը ռեկտորն էր ներկայացրել գիտական խորհրդում, հետո հաստատվել հոգաբարձուների խորհրդում: Որոշման համաձայն՝ պրոֆեսոր, գիտությունների դոկտորի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է մոտ 75%-ով, իսկ պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը՝ 95.5%-ով։ Արդյունքում՝ 1 դրույք՝ 720 ժամ ծանրաբեռնվածության դեպքում, աշխատավարձը կկազմի 540.000 դրամ, իսկ 1.5 դրույքը՝ 1080 ժամի դեպքում՝ 810.000 դրամ:
Գոռ Վարդանյան (ՀԱՊՀ ռեկտոր) - Բուհի ռազմավարությունը հետևյալն է՝ ուսումնական գործի որակը էապես կախված է այն գիտական աշխատություններից, հետազոտություններից, որ մեր գիտնականներն իրականացնում են: Եվ այդ արդյունքները նորարարական պետք է գան լսարան, և տրվի երիտասարդներին, ուսանողներին:
Համալսարանը իրականացնում է նաև պիլոտային ծրագիր՝ ներբուհական գիտական դրամաշնորհներ՝ 50 մլն դրամի չափով: Այս ճանապարհով քայլ է արվում կայացնելու երիտասարդ գիտական համայնքը: Նոր բացված լաբորատորիաները հնարավորություն են տալիս ուսանողներին ուսմանը զուգահեռ կատարել հետազոտություններ՝ ֆունդամենտալ տվյալները դարձնելով կիրառական արդյունք: Բացի այդ, հաստատվել է աշխատակիցներին գիտական հրապարակումների համար լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Բարձր ազդեցության գործակից ունեցող հանդեսներում հրատարակված մասնագիտական հոդվածների համար կտրամադրվի 150-350 հազար դրամ պարգևավճար: Ռեկտորի խոսքով՝ ստեղծել են նոր համակարգ, որը թույլ կտա գիտաշխատողին ամսական վաստակել 1 միլիոն դրամ և ավելի:
Ֆինանսական ավելացումները նպատակ ունեն ստեղծել մրցունակ միջավայր: Դրամաշնորհները և պարգևավճարները չեն լինելու միանվագ: Պրոֆեսոր Հովհաննիսյանը փոփոխոությունները համարում է նոր մարտահրավեր՝ հասնելու բարձր արդյունքի: Պետք է ստեղծվի ճանապարհ՝ գիտական մտքի իրագործման համար:
Արմեն Հովհաննիսյան (ՀԱՊՀ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) - Անձնավորությունը պետք է ունենա էլ ավելի բարձր պատասխանատվություն իր դասախոսությունները պատշաճ կերպով ներկայացնելու ուսանողությանը, երիտասարդներն էլ՝ տեսնելով, որ գնահատված է պրոֆեսորը աշխատավարձով, կձգտեն դառնալ պրոֆեսոր:
Նոր ուսումնական տարում Պոլիտեխնիկը կունենա նոր ֆակուլտետ՝ Ինժեներական տնտեսագիտություն և կառավարում: