Մալաթիայի շուկայում անցած տարվա կարտոֆիլ այլևս չկա, նորի գինն էլ օրըստօրե նվազում է: Խանութում գուցե դեռ բարձր գինը պահպանվել է՝ ասում են գյուղացիները, սակայն իրենց մոտ արդեն գնի նվազումը նկատելի է: Կարտոֆիլի նոր հասունացման շրջանում վաճառել են 500 դրամով, խանութներում գինը բարձրացել էր մինչև 700-800 դրամի: Բարձր գինը պայմանավորված էր դիզվառելիքի, պարարտանյութերի, թունաքիմիկատների ու տնկանյութի թանկացմամբ՝ ասում է Ագրարագյուղացիական միավորման նախագահը: Թեպետ պետությունը 50 տոկոսով սուբսիդավորում է պարարտանյութի գինը, այդուհանդերձ, միջազգային գների բարձրացմամբ պայմանավորված՝ այն ձեռք է բերվում նախորդ տարիներից ավելի թանկ:
Հրաչյա Բերբերյան (Ագրարագյուղացիական միավորման նախագահ) - Էսօր գյուղացին համարյա թե 2.5 անգամ ավելի շատ վճարում ա դիզվառելիքի համար, մոտ 2.5 անգամ՝ պարարտանյութի համար: Տեսեք՝ մի հեկտար վարը, եթե մենք անում էինք 20-25 հազարով, էսօր 35-40 հազար ա, էլ չեմ ասում՝ բերքահավաքի գներն են թանկացել, գյուղացին 5 հազարով համաձայն չի բերք հավաքելու, արդեն 7-8 հազար ա պահանջում:
Բերբերյանը կանխատեսում է՝ կարտոֆիլի գինը կհասնի 300 դրամի: Անցած տարի երկրից արտահանվել է ավելի քան 49 հազար տոննա կարտոֆիլ: Արտահանումը բերեց նրան, որ կարտոֆիլ աճեցնողներն այս տարի վարուցանքը սեփական փողով են անում:
Հրաչյա Բերբերյան - Էն ֆերմերները, որոնք կարողացան արտահանել, էս տարի նրանք բանկային վարկ չէին ուզում, իրենց աշխատած գումարը դրեցին բիզնեսի մեջ: Մեր հաշվարկներով՝ կարտոֆիլի ցանքատարածությունները մոտ 500 հեկտարով էս տարի ավելացել ա:
Կարտոֆիլի թանկության պատճառներից է անբարենպաստ եղանակը: Ըստ մասնագետների՝ 2021-ի համեմատ 2022-ի ցուրտ մայիսը բացասաբար է ազդել բույսերի վեգետացիայի վրա, ինչպես գյուղացիներն են ասում՝ տարին մոտ 15 օրով հետ է:
Վարսիկ Մարտիրոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ) - Ավելի ուշ են սկսվել կարտոֆիլի հասունացումը և բերքահավաքը, որը հանգեցրել է նրան որ այս տարվա հունիսի գները համապատասխանում են 2021 թվականի մայիսի գներին:
Եթե տարին հետ չլիներ, նոր կարտոֆիլը շուկա կմտներ մայիսին, սակայն այդ ժամանակ հասունացավ ջերմոցի կարտոֆիլը, որի 1 կիլոգրամը վաճառվում էր 2000 դրամով: Հիմա արդեն շուկայում 1 կգ լավ որակի կարտոֆիլի առավելագույն գինը 350 դրամ է: