Արամ Խաչատրյանի սյուիտը «Սպարտակ» բալետից, Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար և Չայկովսկու թիվ 6 «Պաթետիկական» սիմֆոնիան հնչում են Չայկովսկու անվան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Էդուարդ Թոփչյանի դիրիժորական հրահանգներով: Հատուկ մոսկովյան հանդիսատեսի համար ընտրված հայ և ռուս ականավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկն են ազդարարում:
Էդուարդ Թոփչյան (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, գլխավոր դիրիժոր) - Մշակույթի լեզուն ամենակարևորն է աշխարհում, որով պետք է մարդիկ ընդհանուր եզրեր գտնեն: Իսկ Մոսկվայի լավ պատրաստված հանդիսատեսի համար ելույթ ունենալը միշտ մեծ պատասխանատվություն է:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ Մոսկվայում առաջին անգամ նվագում է անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան մրցույթի և Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր, ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը: Երևանում նման համատեղ ելույթների փորձ երաժիշտն արդեն ունի: Մաեստրոյին «Հերոսական բալլադը» կատարել առաջարկել է հենց Գինդինը:
Ալեքսանդր Գինդին (դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ) - Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը» դաշնամուրի և նվագախմբի համար հրաշալի ստեղծագործություն է, որը, ցավոք, շատ հազվադեպ է կատարվում: Անցյալ տարի ես այն առաջին անգամ կատարել եմ Երևանում, որքան գիտեմ՝ 1978 թվից հետո առաջին անգամ էր հնչում, հեղինակի կատարումից հետո: Այս դաշնամուրային համերգը հանիրավացիորեն մոռացված էր մինչ վերջերս, բայց այն հիանալի և վառ ստեղծագործություն է, որը պետք է իր արժանի տեղը գտնի:
Այս տարի Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը նվիրված են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և կազմակերպվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, «Ռոսկոնցերտի» կողմից ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մասնակցությամբ:
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Բարդագույն ժամանակներում ենք ապրում՝ աշխարհաքաղաքական ցնցումների, հակասական իրադարձությունների, և չափազանց կարևոր է չմոռանալ մշակույթի առաքելության մասին: Մեր ներկայությունը միջազգային տարբեր հարթակներում չափազանց կարևոր է, առավել ևս՝ հետպատերազմական իրավիճակում մեջքը շտկելու ամենազորեղ գործիքը մեր մշակույթն է, քանի որ այստեղ մենք ունենք անվիճարկելի արժեքներ:
Հայ-ռուսական մշակութային հարաբերությունները խորացնելու նպատակով ռուս գործընկերոջ հետ Խզմալյանը քննարկել է առաջիկա համատեղ ծրագրերը: Ռուսաստանյան միջոցառումներից հետո Հայաստանը կհյուրընկալի ռուսական մշակույթի կարկառուն ներկայացուցիչների:
Աննա Մանիլովա (ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ) - Մեր մշակույթները անսահման մոտ են և ունեն բազմաշերտ ու բազմադարյա մեծ պատմություն: Նախ՝ դրանք հիմնված են հոգևոր մշակույթի վրա, այն արժեքների վրա, որոնք մեր ժողովուրդների համար հավերժական են, այդպես եղել է և կլինի։ Մեր մշակույթները հատվել են թատրոնի, կինոյի, գեղանկարչության, երաժշտության ոլորտներում՝ թողնելով մեծ ժառանգություն, ինչի ականատեսն ու ունկնդիրն ենք այսօր: Իմ հայ գործընկերոջ հետ քննարկել ենք մեր հետագա համագործակցությունն ու մի ամբողջ ճանապարհային քարտեզ ենք գծել:
Համերգի վերջին հատվածում հանդիսատեսը հիացմունքով ողջունեց համերգի հատուկ հյուր, միջազգային ճանաչում վայելող տենոր Լիպարիտ Ավետիսյանին:
Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փոքր դահլիճում նախատեսված է նաև Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի համերգը Էդուարդ Թադևոսյանի ղեկավարությամբ: Երկու բարեկամ երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն նաև ողջ տարվա ընթացքում: