Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովի՝ Սոֆիայում կայացած բանակցությունների առանցքում եղել են Եվրամիությանը Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը և էներգետիկ ոլորտում համագործակցությունը:
«Գիտեմ, որ ԵՄ-ի ընդլայնումը կարևոր հարց է Բուլղարիայի համար, և երկիրը մի շարք հարցեր ունի Հյուսիսային Մակեդոնիայի հետ կապված։ Մենք հասկանում ենք պատմական խնդիրների շուրջ բարդությունները, բայց աջակցում ենք Հյուսիսային Մակեդոնիայի՝ ԵՄ-ին միանալու հարցում համաձայնության հասնելուն, հատկապես երբ նման հնարավորություն կա»,- նշել է Շոլցն՝ ընդգծելով, որ կառույցի խնդիրն է առաջ գնալ և չհիասթափեցնել նրանց, ովքեր ցանկանում են շարժվել դեպի Եվրոպա:
Պետկովն իր հերթին հիշեցրել է, որ Բուլղարիան պետք է որոշակի երաշխիքներ ստանա նախքան ԵՄ-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի նկատմամբ վետոն հանելը: Առաջին հերթին դրանք սահմանադրական երաշխիքներն են, որոնք պետք է ստանա երկրում բուլղարական փոքրամասնությունը, ինչպես նաև շրջանակային համաձայնագրի և բարիդրացիության մասին պայմանագրի դրույթների կատարումը։