ՎՆԱՍՎԵԼ Է ԴԱՄԱՍԿՈՍԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
Իսրայելի ինքնաթիռների հարվածների հետևանքով վնասվել է Դամասկոսի օդանավակայանը, այդ թվում՝ թռիչքուղիները՝ հայտնել են Սիրիայի տրանսպորտի նախարարությունից: Տուժել է նաև օդանավակայանի լուսավորությունը: Թռիչքները չեղարկվել են:
Սիրիան Իսրայելին մեղադրել է ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև Դամասկոսի հարավում հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս դատապարտել է Իսրայելի գործողությունները։
ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՀԱՐՑՈՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՌԴ-ԻՑ ՊԱՏԱՍԽԱՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ
Անկարան Մոսկվայից պատասխան է ակնկալում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցով հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ՝ հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք Անկարայում նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ ենք վարել, քննարկել Մոսկվայի և Կիևի միջև շփումների վերսկսումը, ինչպես նաև հացահատիկի մատակարարման սահմանափակումների վերացումը»,- ասել է դիվանագետը:
Նա հավելել է, որ Թուրքիան պատրաստ է Ստամբուլում անցկացնելու պարենային հարցերով հնարավոր հանդիպումը:
ԻՐԱՆԸ ԵՎ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
Թեհրանն ու Կարակասը 20 տարով քաղաքական, մշակութային, նավթային, զբոսաշրջության ոլորտներում համապարփակ ռազմավարական գործակցության համաձայնագիր են կնքել։
Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում՝ Իրանի և Վենեսուելայի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ։
2021 թվականին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին և Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Մոհամմադ Ջավադ Զարիֆը 25 տարի ժամկետով համապարփակ գործակցության համաձայնագիր են ստորագրել, ինչից հետո իրանցի քաղաքական գործիչները բազմիցս հայտարարել են, որ ուսումնասիրում են այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Վենեսուելայի հետ նմանօրինակ պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորությունը։
ՊԵԿԻՆԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ. ՉԺՀ
Եթե Թայվանը հայտարարի Չինաստանից անկախանալու մասին, Պեկինը, անկասկած, պատերազմ կսկսի՝ Սինգապուրում հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն՝ ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ հանդիպմանը։
«Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը կճնշի Թայվան կղզին մեզնից անջատելու ցանկացած փորձ։ Պեկինը կպաշտպանի հայրենիքի միասնությունը»,- զգուշացրել է դիվանագետը։
Նա ընդգծել է՝ «Մեկ Չինաստան» սկզբունքի ճանաչումը անհերքելի պայման է Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բնականոն զարգացման համար։
Վաշինգտոնը Թայվանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 1979 թվականին, սակայն շարունակում է գործակցել և զինամթերք մատակարարել: Դա բարկացնում է Չինաստանի կառավարությանը, որը Թայվանը համարում է իր երկրի տարածքի անբաժանելի մասը: