Եվրահանձնաժողովը մինչև հաջորդ շաբաթվա վերջ կձևակերպի Եվրամիությանը Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ կարծիքը: Այդ մասին Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կառույցի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Հանձնաժողովը ներկայումս ԵՄ անդամ երկրների համար փորձագիտական եզրակացություն է պատրաստում: Իսկ Ուկրաինայի ղեկավարի հետ մեր այսօրվա քննարկումները թույլ կտան ավարտին հասցնել գնահատման գործընթացը»,- մանրամասնել է Ֆոն դեր Լայենը:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար Կիևն արդեն շատ բան է արել, մեծ առաջընթաց է գրանցել օրենքի գերակայության ամրապնդման հարցում:
«Սակայն հարկավոր է անել ավելին. դեռ կան բարեփոխումներ, որոնք պետք է իրականացվեն, օրինակ՝ կոռուպցիան հաղթահարելու համար»,- նշել է Ֆոն դեր Լայենը։
Զելենսկին, իր հերթին, նշել է, որ եվրոպական նախագծի ապագան կախված է նրանից, թե արդյոք ԵՄ-ն Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտրամադրի՞, թե՞ ոչ։