Բեռլինը ողջունում է Եվրամիությանը Սերբիայի անդամակցությունը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլերը:
«Դա տեղի չի ունենա վեց ամսից, բայց գործընթացը կշարունակվի»,- ընդգծել է Օլաֆ Շոլցը՝ Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նաև Բելգրադին և Պրիշտինային կոչ է արել վերջնականապես լուծել Կոսովոյի հարցը և կարգավորել հարաբերությունները: Կանցլերը նշել է, որ Եվրամիությանն անդամակցել ցանկացող երկրները պետք է միանան հակառուսական պատժամիջոցներին:
Վուչիչը, իր հերթին, հիշեցրել է՝ Սերբիան դատապարտել է Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում, սակայն չի կարծում, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներն արդյունավետ կլինեն։
«Մի՛ մոռացեք, որ մենք դարավոր հարաբերություններ ունենք ռուսական կողմի հետ»,- նշել է նախագահը: Նա հավելել է, որ Պրիշտինայի հետ երկխոսության և ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Սերբիան զգալի առաջընթաց կգրանցի արդեն այս տարվա դեկտեմբերին։
Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան և Չեռնոգորիան այժմ Եվրամիությանն անդամակցության պաշտոնական թեկնածուներն են։ Անկարան այդ հարցով բանակցություններ է վարում 2005 թվականից։ Մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ կարող են ստանալ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան: