ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Եվրահանձնաժողովը մինչև հաջորդ շաբաթվա վերջ կձևակերպի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ իր կարծիքը, Կիևում Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կառույցի ղեկավարը։
«Հանձնաժողովը ներկայումս ԵՄ անդամ երկրների համար փորձագիտական եզրակացություն է պատրաստում: Ուկրաինայի ղեկավարի հետ մեր այսօրվա քննարկումները թույլ կտան վերջնականացնել գնահատման գործընթացը», - մանրամասնել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Կիևն արդեն շատ բան է արել, մեծ առաջընթաց է գրանցել օրենքի գերակայության ամրապնդման հարցում:
«Սակայն հարկավոր է անել ավելին. դեռ կան բարեփոխումներ, որոնք պետք է իրականացվեն, օրինակ, կոռուպցիան հաղթահարելու համար»,- նշել է ֆոն դեր Լայենը։
Վոլոդիմիր Զելենսկին, իր հերթին, նշել է, որ եվրոպական նախագծի ապագան կախված է նրանից՝ արդյոք ԵՄ-ն Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտրամադրի, թե ոչ։
Ավելի վաղ ասիական «Շանգրի-Լա երկխոսություն» գագաթնաժողովին Զելենսկին հայտարարել էր, որ աշխարհը պետք է Ռուսաստանին վերադարձնի իր սահմաններից ներս, ոչ թե փորձի փոխըմբռնման գալ նրա հետ, քանի որ միայն բառերով ոչ ոք չի կարող զսպել ՌԴ ղեկավարությանը: Նա նաև վստահեցրել է, որ Ուկրաինան մտադիր չէ հատել Ռուսաստանի սահմանները:
ԱՐԵՍՏՈՎԻՉԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԹԻՎԸ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտնել է երկրի զինված ուժերի կորուստների թիվը։
«Հակամարտության սկզբում օրական միջինում զոհվում էր 100 մարդ», - նշել է Ալեքսի Արեստովիչը, հաստատել՝ ուկրաինական բանակը կորցրել է մինչև 10 հազար զինվոր:
Նա քննադատել է նաև արևմտյան դաշնակիցներին՝ Կիևին չափազանց դանդաղ զենք տրամադրելու համար։
Ավելի վաղ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել էր, որ օրական զոհվում է մինչև 100 ուկրաինացի զինվոր, վիրավորների թիվը հասնում է 500-ի։
Նշվում է նաև, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ի պատասխան երկրից 18-ից 60 տարեկան տղամարդկանց ելքի արգելքը վերացնելու մասին միջնորդագրի, նշել է, որ սահմանափակումները կչեղարկվեն միայն ռազմական դրության ավարտից հետո։
300-400 ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ Է «ԱԶՈՏՈՒՄ»
Ուկրաինացի զինվորականներն արգելափակված են Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում, հայտնել է Ռուսաստանում Լուգանսկի դեսպանը:
Ռոդիոն Միրոշնիկի խոսքով՝ նրանց հետ բանակցություններ են տարվում՝ խաղաղ բնակիչներին քիմիական գործարանի տարածքից տարհանելու համար:
««Ազոտ»-ում կա շուրջ 300-400 ուկրաինացի զինծառայող, ապաստարաններում թաքնված քաղաքացիական անձանց թիվը, հնարավոր է, հասնում է 500-ի»,- մանրամասնել է դիվանագետը:
Միրոշնիկը հայտնել է՝ զինվորականները տեղեկացվել են, որ գործարանը կարող են լքել միայն զենքերը վայր դնելու և հանձնվելու դեպքում:
Ուկրաինական կողմը հայտարարում է, որ Սևերոդոնեցկի համար կատաղի մարտերը շարունակվում են:
Երկրի Զինված ուժերը վերահսկում է Սևերոդոնեցկի մեկ երրորդը և փորձում հետ մղել ռուս զինվորականներին: Քաղաքապետ Ալեքսանդրո Ստրյուկի խոսքով՝ ուկրաինական բանակի հիմնական խնդիրը ռուսական կողմի ռմբակոծություններն են, որոնցից պաշտպանվելու համար ուկրաինացի զինվորականները չունեն համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ ՀՕՊ համակարգեր։
Ռուսական կողմի տվյալով էլ՝ քաղաքի բնակելի թաղամասերն ամբողջությամբ անցել են ռուսական զորքերի վերահսկողության ներքո։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վստահեցրել է՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի արդեն 97 տոկոսում ռուսական զորքն է:
ԳՆԱՃՆ ԻՍԿԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԴԱՐՁԵԼ ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ. ԲԱՅԴԵՆ
Ջո Բայդենը խոստովանել է, որ գնաճն իսկական մարտահրավեր է դարձել Միացյալ Նահանգների համար:
«Գնաճի վերաբերյալ այսօրվա հաշվետվությունը հաստատում է այն, ինչ մենք արդեն գիտենք. Պուտինի հրահրած գնաճը մեծապես հարվածում է Ամերիկային. էներգակիրների, սննդամթերքի գները մայիսին կազմել են գնաճի կեսը», - հայտարարել է երկրի ղեկավարը:
ԱՄՆ աշխատանքի նախարարության զեկույցի համաձայն՝ երկրում սպառողական գներն աճել են 8,6%-ով, ինչը 1981թ. դեկտեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: