Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման ծրագիրը Հայաստանի իշխանությունների օրակարգում է: Կառավարությունը հարցը բարձրացնում է կողմերի հետ բոլոր հանդիպումների ժամանակ: Գործադիրի նիստերից մեկին էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում սպասվում է փաստաթղթի ստորագրում: Իրան կատարած այցի ժամանակ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը քննարկել է հարցն իրանցի գործընկերների հետ:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Աշխատանք է տարվում, որը կհանգեցնի փաստաթղթի ստորագրման, բաց ե՛րբ կլինի՝ չեմ կարող ասել
Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին Հայաստանը երկաթգծով կապում է Ադրբեջանին ու Իրանին և կարող է դառնալ բեռնափոխադրման տարանցիկ ճանապարհ: Հայկական կողմը երկաթուղու վերագործարկման հետ կապված միշտ նշել է իր պատրաստակամության մասին՝ ասաց Սանոսյանն ու հավելեց, որ խոսքից բացի նաև գործնական քայլեր են արվել:
Գնել Սանոսյան - Դրանք հատկապես կապված են տեղանքի ուսումնասիրման, առկա վիճակի, անելիքների, նախագծային աշխատանքների պատրաստման հետ: Վերջերս մեր համալսարաններից մեկի հետ բավական լավ աշխատանք իրականացրինք, մանրակրկիտ հետազոտություն իրականացվեց, որը վեր հանեց այնտեղ առկա խնդիրները, անելիքները, ժամկետները և այլն:
Իրան կատարած այցի ժամանակ հայկական կողմը քննարկել է ծրագրի տնտեսական արդյունավետությունը, հստակեցվել է, որ կլինի առևտրի ու բեռնաշրջանառության մեծացում:
Գնել Սանոսյան - Սակայն այս պահին ավելի շատ ոչ թե Իրան-Հայաստան, այլ Հայաստան-Ադրբեջան դաշտում է հարցը:
Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան կամ ԵՄ եռակողմ հանդիպումների ժամանակ Ադրբեջանը տալիս է երկաթգծի շահագործման համաձայնությունը, սակայն քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը հիշեցնում է՝ քաղաքական ու պատմական փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի խոսքն ու գործն միմյանց հետ չեն համընկնում:
Էմիլ Օրդուխանյան (քաղաքագետ) - Այսինքն՝ նրանք կարող են խոսել մի բանի շուրջ, բայց, իրականում, դա չանեն կամ անեն դրա հակառակը: Հայաստանի համար կոմունիկացիաների գործակցությունը մրցակցություն է ստեղծելու հենց Ադրբեջանի համար, որովհետև հայտնի է, որ կա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, եթե ՀՀ-ով գործարկվի նոր երկաթգիծ, ապա դա կդառնա այլընտրանք:
Օրդուխանյանն այս երկաթգիծը գեոստրատեգիական աղեղ է որակում ու շեշտում՝ կյանքի կկոչվի, եթե դերակատարներն ավելի շատ ջանքեր գործադրեն: Ըստ նրա՝ այս պարագայում խոսքը ոչ միայն տարածաշրջանային դերակատարներին է վերաբերում:
Էմիլ Օրդուխանյան - Այստեղ թուրք-ադրբեջանական գործոնը որոշակի մրցակցության մեջ է մտել Իրանի գործոնի հետ, քանի որ, բացի Իրանից, կապված է նաև ասիական երկու խոշոր երկրներից մեկը: Հնդկաստանը հակված էր, որ այդ ուղիներն անցնեն Հայաստանով: Սա մրցակցության ու քաղաքական առևտրի դաշտ է:
Եթե պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, ու հերթը բուն աշխատանքին հասնի, ապա, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախկինում արված հայտարարության՝ նախնական հաշվարկներով՝ շինարարությունը կտևի 36 ամիս, կպահանջվի 226-230 մլն դոլար է:
Հեղինակ՝ Անի Օհանյան