Անկարան Մոսկվայից պատասխան է ակնկալում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցով հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք Անկարայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ ենք վարել, որոնց ընթացքում քննարկել ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերսկսումը, ինչպես նաև հացահատիկի մատակարարման սահմանափակումների վերացումը»,- ասել է Չավուշօղլուն:
Նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ ՄԱԿ-ի առաջարկած ծրագիրը լավագույնն է, և կողմերը պետք է քննարկեն այն:
«Մենք հայտարարել ենք հանդիպումը Ստամբուլում անցկացնելու պատրաստակամության մասին։ Մեր դիրքորոշումը եղել է հստակ, այժմ մենք սպասում ենք Ռուսաստանի պատասխանին»,- եզրափակել է Չավուշօղլուն: