87 քրեական գործ, 91 մեղադրյալ. 2021 թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքերն են: 29 քրեական գործ 53 անձի վերաբերյալ դատարանում է:
Քրեական գործերից 67-ն առնչվում են ընտրակաշառք տալուն, ստանալու միջնորդությանը, օժանդակությանը կամ կազմակերպմանը:
Հայկանուշ Բաղդասարյան (Հակակոռուպցիոն կոմիտեի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ) - Ազգային ժողովի նախկին ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրակաշառքի հետ կապված հանցագործության դեպքերի հետ համեմատած սա բավականին մեծ թիվ է կազմում: Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին 11 քրեական գործ է եղել՝ ընտրակաշառքների հետ կապված հանցագործությունների գործերով:
Դատարան ուղարկված քրեական գործերից 5-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, 4 անձ ազատազրկվել է, իսկ 3-ը դատապարտվել են ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Հայկանուշ Բաղդասարյան - Ընդ որում՝ բոլորովին վերջերս ունեցանք նոր դատավճիռ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը սատարող անձի կողմից ընտրակաշառք տալու դեպքով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը սատարող անձի կողմից շուրջ 80 տասնյակից ավելի քաղաքացիների սննդամթերքի ձևով բաժանվել էր ընտրակաշառք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դաշինքի օգտին քվեարկելու համար:
Նախաքննության ընթացքում մեղադրյալներից 24-ը կալանավորվել են: Հենց այս 24-ից 8-ը եղել են խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի թեկնածու, 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության:
Այս պահին թեկնածուներից միայն մեկի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:
Հայկանուշ Բաղդասարյան - «Պատիվ ունեմ» դաշինքով առաջադրված թեկնածու Ռուբեն Խլղաթյանը, որը խմբի կազմում, այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, շուրջ 140 ընտրողներին հասցեական ընտրակաշառք բաժանելու փորձի համար առաջադրվել էր մեղադրանք, մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց դատարան, և դատարանի արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով վերջինս մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքում:
Խլղաթյանը դատապարտվել է ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվել: Ընտրակաշառքի վերաբերյալ վերջին բացահայտումը եղավ մայիսի սկզբին, երբ ընդդիմության հավաքներին հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով խուզարկություններ էին իրականացվել Դաշնակցության Արմավիրի գրասենյակներում: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ ընդդիմադիր ուժը անցած տարվա ընտրություններում շուրջ 10 մլն դրամի կաշառք է բաժանել։ Որպես ապացույց՝ հրապարակել ցուցակներ, որտեղ՝ «Հատկացում շտաբից», «Հատկացում Գերագույն մարմնից» գրառումների տակ նշված են ամսաթվեր ու մեկը մյուսին հաջորդող գումարի չափեր: ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավարն ու մյուս անձն այս պահին կալանավորված են հավաքներին մասնակցելուն հարկադրելու համար: Ընտրակաշառքի գործով նախաքննությունը շարունակվում է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան