ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Վարչապետն այցի շրջանակում ծանոթացել է մի քանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի իրականացման ընթացքին:
Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Դեղձուտ համայնքում, որտեղ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով կառուցվում է մոդուլային դպրոց: Վարչապետը շրջայց է կատարել շինհրապարակում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ կրթօջախը կառուցվում է ՀՀ կրթության և գիտության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ինչպես նաև միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների համատեղ մշակած մոդելով: Այն հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։ Դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար: Շինաշխատանքները սկսվել են 2020 թվականին, կավարտվեն այս տարի: Ծրագրի արժեքն է 799 միլիոն դրամ:
Վարչապետը զրուցել է դպրոցի ուսուցիչների հետ, ովքեր շնորհակալություն են հայտնել Կառավարության ղեկավարին համայնքում ժամանակակից դպրոց հիմնելու ծրագիրն իրականացնելու և աշակերտներին լավագույն պայմաններով ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը հորդորել է նրանց մասնակցել ատեստավորման գործընթացին, բարձրացնել մասնագիտական որակավորումը, ինչի արդյունքում նաև էական կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը:
Նիկոլ Փաշինյանը զրուցել է նաև տեղի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու հորդորել մասնակցել Կառավարության կողմից ժամանակակից գյուղատնտեսություն հիմնելու բոլոր, այդ թվում՝ կաթիլային ոռոգման ծրագրին: Ներկաներին տեղեկատվություն է ներկայացրել նաև էկոնոմիկայի փոխնախարարը:
Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհահատվածում, որտեղ ծանոթացել է իրականացվող վերակառուցման աշխատանքներին: ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում իրականացվում են ջրահեռացման, ասֆալտապատման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել սույն տարվա նոյեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է 360 մլն դրամ:
Այնուհետև վարչապետ Փաշինյանն այցելել է Վերին Դվին համայնք, որտեղ շրջայց է կատարել պետական օժանդակությամբ մասնավոր հատվածի կողմից հիմնված գյուղմթերքի պահպանման սառնարանային տնտեսության տարածքում, ծանոթացել վերջինիս գործունեությանը: Տնտեսությունն ունի մոտ 5000 տ տարողություն, որի հիմնմանը Կառավարությունն օժանդակել է ագրոպարենային լիզինգային ծրագրի շրջանակում: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմել է 400 մլն դրամ, որից 300 մլն դրամը տրամադրվել է պետության կողմից՝ վերը նշված ծրագրով: Վարչապետ Փաշինյանը ողջունել է տնտեսության հիմնումը և ընդգծել, որ Կառավարությունը շարունակելու է տարբեր ծրագրերի միջոցով օժանդակել գյուղացիական տնտեսություններին՝ ժամանակակից տնտեսություններ հիմնելու գործում:
Այս համայնքում Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև կրկին մասնավորի կողմից հիմնվող ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքներին: Ծրագրի նպատակով արդեն իսկ ներդրվել է 1,2 մլն դոլար: Այն ունենալու է նաև ժամանակակից լողավազան:
Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Այգեզարդ համայնքում: Այստեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով վերանորոգված համայնքային այգում ստեղծված պայմաններին, որին հարակից տարածքում կառուցվել են նաև ֆուտբոլի, թենիսի և բասկետբոլի ժամանակակից խաղադաշտեր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 44 մլն դրամ, 65%-ը հատկացրել է համայնքը, 35%-ը՝ Կառավարությունը:
Այստեղ վարչապետը ևս զրուցել է տեղի բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև համայնքում մասնավոր հատվածի կողմից հիմնված հրաձգարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է նաև Այնթափ-Մխչյան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակում իրականացվում են արհեստական կառուցվածքների, ճանապարհային պաստառի կառուցման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել սույն տարվա նոյեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է 1 մլրդ 699 մլն դրամ:
Վարչապետին է ներկայացվել նաև Եղեգնավան-Այգավան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Դրանք նախատեսվում է ավարտել սույն տարվա նոյեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է 259 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանի վերջին կանգառը եղել է Արարատ քաղաքում, որտեղ վարչապետը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով վերակառուցված զբոսայգում ստեղծված պայմաններին: Ծրագրի արդյունքում սալիկապատվել է այգու ամբողջ տարածքը, վերանորոգվել են շատրվանն ու ամֆիթատրոնը, փոխվել են նստարանները, անցկացվում են ոռոգման ցանց և լուսավորության համակարգ: Այգու բարեկարգման արժեքը կազմել է 100 մլն դրամ է, որից 70%-ը հատկացվել է քաղաքային բյուջեից, 30%-ը` պետական: