100 օր՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում. Ռոբերտ Ղուկասյանն ամփոփեց կատարած աշխատանքը՝ ինչպես մարզպետի, այնպես էլ Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական խմբի ղեկավարի պաշտոնում: Ղուկասյանը սկսեց միջգերատեսչական խմբի աշխատանքից. 1.5 տարում կառավարությունը 1.3 մլրդ դրամ է ծախսել, դրան գումարվել է նաև միջազգային գործընկերների տրամադրած 400 մլն դրամը, ընդ որում պրոցեսը շարունակական է՝ ընդգծեց Ղուկասյանը:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Գումարները ծախսվել են գրեթե բոլոր ոլորտներում, բայց բնականաբար ամենամեծ բաժինը անվտանգային միջավայրի ամրապնդմանն էր ուղղված՝ թե ՊՆ-ին, թե սահմանապահ զորքերին, միևնույն ժամանակ գյուղատնտեսության ոլորտում, բնապահպանական ունեցել ենք ծրագրեր:
Աշխատանքային խումբը ստեղծվել է հրատապ հարցերը կարգավորելու համար, շարունակեց Ռոբերտ Ղուկասյանը, հավելեց՝ շարունակում է ղեկավարել միջգերատեսչական խումբը:
Վերադառնալով 100 օրվա ամփոփմանը` մարզպետն անդրադարձավ ճանապարհաշինական աշխատանքներին: Լրագրողները փոխանցեցին սյունեցիների բողոքը` արդեն մի քանի ամիս է` ճանապարհները քանդված են, բայց վերանորոգման աշխատանքներ չեն տարվում, մասնավորապես` Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում:
Մարզպետը մանրամասնեց՝ բոլորը գիտեն, թե ինչ հրատապությամբ է կառուցվել այդ ճանապարհը, և այդ ամենը հաշվի առնելով` այն վերջնական տեսքի չէր բերվել, և չէր փռվել ասֆալտի 3-րդ շերտը:
Ռոբերտ Ղուկասյան - Վերականգնողական աշխատանքներ իրականացնող ընկերություններից ես ինքս էլ իմ դժգոհությունը հայտնել եմ և համապատասխան նախարարությանը առաջարկել եմ շատ ավելի արագ աշխատանքները իրականացնել, բայց գիտեք նաև ճանապարհի ծանրաբեռնվածությունը և շատ հաճախ վնասվածքները բազմաթիվ են և ճանապարհի տարբեր հատվածներում, դրանով է նաև պայմանավորված, որ փոսերը ավելի շատ բաց են մնում:
Մարզպետը շարունակեց` հողային աշխատանքները շուտով կավարտվեն Տաթև-Լծեն, Վերին Խոտանանը շրջանցող, Կապան-Ճակատեն հատվածներում: Ղուկասյանի խոսքով` այժմ բոլոր հատվածներն անցանելի են ցանկացած մեքենայի համար, բոլոր գյուղերի ու քաղաքների կապը ապահովված է, իսկ շինաշխատանքները ամբողջությամբ կավարտեն մինչև տարեվերջ:
Հաջորդ հարցը ջրամատակարարմանն է վերաբերում: Ժամերով, անգամ օրերով համայնքներում ջուր չի լինում, լինելիս էլ՝ պղտոր է: Ղուկասյանը հստակեցրեց՝ խնդիրն ավելի սուր է Մեղրի խոշորացված համայնքում, որտեղ օրեր առաջ խնդիրը մանրամասն ուսումնասիրել է անձամբ:
Ռոբերտ Ղուկասյան - Այս պահի դրությամբ գիտեմ, որ համապատասխան գերատեսչությունները զբաղվում են այդ հարցով: Խնդրի լուծումը կարծում եմ ընդհանրապես, որպես ջրամատակարարող ընկերություն, «Վեոլիա» կազմակերպությունը ամբողջ երկրի տարածքում է իրականացնում, սպասարկման որակի հետ կապված` բարդ է մեկ պատասխանի միջոցով, տարբեր բնակավայրերում պատճառները տարբեր են: Կազմակերպությունը խնդիրը ձևակերպում է հետևյալ կերպ, որ առատ ձյունը, որը եկել է ոչ թե դեկտեմբեր-հունվար, այլ մարտ-ապրիլ ամիսներին, հիմա արագ հալչում է, և ջրի պղտորվածությունը նորմայից բարձր է, հետևաբար մաքրման կայանները չեն հասցնում ֆիլտրել ջուրը և ստանալ ստանդարտներին համապատասխան որակի ջուր:
Ղուկասյանի խոսքով` բանակցում են ընկերության հետ, որը խոստացել է խնդիրն արագ կարգավորել: Աշխատում են նաև գազիֆիկացման ուղղությամբ, նպատակը մարզի բոլոր բնակավայրերը գազով ապահովելն է: Ղուկասյանը նաև շեշտեց՝ իրենց աշխատանքը գյուղերը գրավիչ դարձնելն է: