Պարեկային ծառայությունում աշխատելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում հնգամսյա ուսուցման արդեն երրորդ հոսքի ընդունելության դիմումների ընդունման փուլն է ավարտվել, մեկնարկել է թեստավորման փուլը: Դիմել էր 1700-ը, թեստավորման փուլ է անցել 1339-ը: Նրանք պայքարելու են սահմանված 606 տեղի համար: Հունիսի 6-ից մինչև հուլիսի 15-ը օրական թեստավորմանը մասնակցելու է մոտ 170 դիմորդ:
Մասնագիտությամբ իրավաբան Ջուլիետան քննասենյակից դուրս է գալիս բարձր տրամադրությամբ, առաջին փուլը հաղթահարված է:
Ջուլիետա Առուշանյան (դիմորդ) - Թեստավորումը բավականին հետաքրքիր էր, հետաքրքիր հարցեր կային թե՛ հոգեբանական, թե՛ անձի մասնագիտական պիտանելիության շրջանակներում:
Ոստիկանական համակարգում աշխատելը, օրինականության ապահովման հարցում ներդրում ունենալը վաղեմի նպատակներից է:
Ջուլիետա Առուշանյան - Ես դիմել եմ նախորդ անգամ, պարզապես վարորդական իրավունքի հետ կապված խնդիր առաջացավ, և ես ժամկետների մեջ չտեղավորվեցի, սակայն ինչպես մեր համակարգում ընդունված է, մենք պայքարող տեսակ ենք, և բոլորս հանուն մեր նպատակի պետք է առաջ գնանք, և դա ինձ չխանգարեց, որ այս տարի ևս մասնակցեմ:
Հաջորդը ֆիզիկական պատարաստվածության փուլն է, այնուհետև՝ հարցազրույցի: 5-ամսյա կրթությունը ավարտելուց հետո ամփոփիչ ատեստավորման փուլի արդյունքներով նրանք կարող են պարեկ նշանակվել Հայաստանի 4 մարզում՝ Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի: Արդեն գործող պարեկներ կան մայրաքաղաքում, Լոռու և Շիրակի մարզերում:
Մանուկ Մուրադյան (ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ) - Գլոբալ իմաստով՝ կարծես Ռուբիկոնը հաղթահարում ենք, և մնացած 4 մարզերի մասով կարող եմ ասել, որ 2023 թվականի աշնանը մենք կունենանք արդեն կայացած, ՀՀ ամբողջ տարածքում պարեկային ծառայության ինստիտուտ:
Մարիամն ու Արմենակը պարեկային ծառայության դասընթացի առաջին հոսքի մասնակիցներից են: Արդեն համակարգի աշխատող: Ասում են՝ աշխատանքը բարդ է ու լարված, բայց եթե մեծ պատասխանատվությամբ ու սիրով ես անում, հոգնածության մասին չես մտածում:
Մարիամ Կարապետյան (պարեկ) - Ծառայությունը սկսում ենք առավոտից, երեք հերթափոխով՝ առավոտյան, կեսօրին և գիշերը. Բոլոր հերթափոխների մեջ աղջիկները, տղաները հավասարապես ընդգրկված են: Ոչ մի անգամ չեմ մտքափոխվել՝ ինչի եմ ընդւոնվել, սիրով կատարում եմ աշխատանքս:
Քաղաքացիների հետ շփումից մինչև տարբեր միջադեպեր. Կրթահամալիրում ստացած գիտելիքներն օգնում են աշխատանքին, բայց բուն ծառայությունը նաև նոր հմտություններ է տալիս:
Արմենակ Գալստյան (պարեկ) - Բացի ճանապարհային խախտումներին արձանագրելուց՝ Պարեկային ծառայությունը նաև արագ և արդյունավետ արձագանքում է ցանկացած ահազանգի, իրականացնում է հասարակակական կարգի պաշտպանություն, պահպանություն, անչափահասների գծով դաստիարակչական աշխատանքներ է կատարում:
Մանուկ Մուրադյան- Կասկածից վեր է, որ պարեկային ծառայության ինստիտուտը արդեն իսկ կայացած փաստ է: Այդ ամսին խոսում է նաև հասարակական կարծիքը, նաև մեր պարեկային ծառայողների աշխատանքի արդյունավետությունը, իրավախախտումների բացահայտման տոսկոսային աճ ունենք և առհասարակ աշխատանքի որակի բարելավում ունենք:
Ոստիկանության կրթահամալիրի պետը կարևորում է նաև դասախոսների վերապատրաստումը:
Մանուկ Մուրադյան - Այս հարցում մեզ աջակցում են ամերիկյան մեր գործընկերները: Մոտ մի քանի օրից մեկնարկելու է ապագա պարեկներ պատրաստող պրոֆեսորադասախոսական կազմի վերապատարստման գործընթացը, մոտավորապես 1 ամսվա շրջանակներում ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի ոստիկանական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները ժամանելու են Հայաստան:
Պարեկների պատրաստման գործընթացը տևական պրոցես է:
Մանուկ Մուրադյան - 4-րդ ակադեմիայի շրջանակներում ՀՀ հարավային հատվածի մարզերի հարցն էլ երբ լուծում կստանա, դա չի նշանակում, որ չի լինելու պարեկների պատրաստում, որովհետև տարբեր պատճառներով մարդիկ աշխատանքից դուրս կգան, ծառայողական քննությունների արդյունքում կազատվեն աշխատանքից, այսինքն՝ առաջանալու են թափուր հաստիքներ:
Այս տարվա երրորդ հոսքի ուսանողների հնգամսյա դասընթացը կմեկնարկի օգոստոսի 1-ին: