ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՌԴ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի և կառավարության գրեթե բոլոր անդամների դեմ։ Պատժամիջոցներ են սահմանվել ընդհանուր 35 անձի նկատմամբ:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՍՏԱՆԱ ԵՄ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Հունիսի 17-ին, հավանաբար, Ուկրաինայի ԵՄ անդամակցության գործընթացում առաջընթաց կգրանցվի։ Հաջորդ շաբաթ Եվրահանձնաժողովը կերաշխավորի Կիևին տալ թեկնածուի կարգավիճակ, ինչը կարևոր քայլ է ԵՄ-ին անդամակցության երկար ճանապարհին, գրել է Bloomberg-ը: «Անդամակցության արագ ճանապարհ չկա, և Ուկրաինան դեռևս պետք է հաղթահարի դաշինքի ընդլայնմանը դեմ պետությունների առարկությունները»,- գրում է պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ ԵՄ ղեկավարները պատրաստվում են հարցը քննարկել հունիսի 23-24-ին Բրյուսելում: Մի քանի երկիր, օրինակ՝ Նիդերլանդները, հայտարարել է, որ դեմ են այդ քայլին՝ պնդելով, որ Ուկրաինային չպետք է առավելություն տալ։ Գերմանիան հայտարարել է, որ արդյունքը կարող է լինել թեկնածուի պայմանական կարգավիճակը։ Դանիան, ըստ Bloomberg-ի, հայտարարել է, որ Ուկրաինան բավականաչափ չի համապատասխանում այն չափորոշիչներին, որոնք կապված են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, փոքրամասնությունների հարգանքն ու պաշտպանությունը երաշխավորող ինստիտուտների կայունության հետ։ Թեկնածուի կարգավիճակը պաշտոնապես նշանակում է ԵՄ-ին անդամության գործընթացի մեկնարկ։ ԵՄ-ին վերջինը 2013 թ.-ին միացել է Խորվաթիան: Նրա անդամակցության գործընթացը տևել է 10 տարի:
ԴՈՆԲԱՍՈՒՄ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է ԸՆԹԱՆՈՒՄ. ՍԿԻԲԻՑԿԻ
Դոնբասում «հրետանային պատերազմ» է ընթանում, և դրա արդյունքը կախված է նրանից, թե Արևմուտքը ինչ քանակի և ինչպիսի զենք կտա Ուկրաինային։ Այդ մասին Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին ասել է բրիտանական Guardian թերթին: Նրա խոսքով՝ Կիևն այս հրետանային դիմակայությունում պարտվում է Մոսկվային և գրեթե ամբողջությամբ ապավինում արևմտյան զենքին։
«Ուկրաինան յուրաքանչյուր 10-15 ռուսական հրետանային միջոցի դիմաց ունի մեկը»,- նշել է Սկիբիցկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան օրական օգտագործում է 5000-ից 6000 արկ։ «Մենք գրեթե սպառել ենք մեր ամբողջ զինամթերքը և այժմ օգտագործում ենք ՆԱՏՕ-ի ստանդարտ 155 տրամաչափի արկեր»,- ասել է պաշտոնյան:
ԻՍՐԱՅԵԼԸ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԴԱՄԱՍԿՈՍԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Իսրայելը հունիսի 10-ի գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաքից հարավ գտնվող թիրախներին: Այդ մասին հայտնել է Սիրիայի SANA պետական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Գոլանի բարձունքներից արձակված հրթիռների մեծ մասը: Տուժել Է մեկ խաղաղ բնակիչ, վնասվել են շինություններ:
Իսրայելական The Haaretz պարբերականը տեղեկացրել է, որ դա արդեն երկրորդ տեղեկությունն է՝ այս շաբաթ Սիրիային հասցված իսրայելական հարվածի մասին: