ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 9-ին այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետևելու Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարի 3-րդ տուրի պարտիաներին:
Հուշամրցաշարին 8 երկրի շուրջ 100 շախմատիստ է մասնակցում: Ռուսաստանցի շախմատիստները հանդես են գալիս ՖԻԴԵ-ի դրոշի ներքո:
Մասնակիցներից 9-ը գրոսմայստեր են: Ամենաբարձր անհատական վարկանիշն ունի Հրանտ Մելքումյանը (2655), նրան հաջորդում են իրանցի Ամին Տաբատաբաեին (2650) և Շանթ Սարգսյանը (2648):
Հուշամրցաշարում իրենց երրորդ անընդմեջ հաղթանակներն են տարել Շանթ Սարգսյանն ու Հովիկ Հայրապետյանը: Նրանց հետ առաջատարների խմբում են նաև 3-ական միավոր վաստակած Դավիթ Շահինյանը, Արթուր և Արսեն Դավթյաններն ու Անդրեյ Դերբենյովը:
Կանանց պայքարում ամենահաջողը հանդես է գալիս Լիլիթ Մկրտչյանը, որը 3 տուրից հետո վաստակել է 2,5 միավոր:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 14 մլն դրամ է: Դրամական մրցանակներ են նախատեսված լավագույն 15 շախմատիստների համար: Կպարգևատրվեն նաև կանանց, վետերանների և պատանիների պայքարում լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները:
Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 3 մլն դրամով: 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կստանան, համապատասխանաբար, 2 և 1,5 մլն դրամ: