Ռուսաստանը պատրաստ է հացահատիկ և պարարտանյութ արտահանել համաշխարհային շուկաներ, սակայն դրա համար անհրաժեշտ է վերացնել ապահովագրության և մատակարարումների ֆինանսավորման սահմանափակումները։ Այդ պայմանն է ներկայացրել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան BBC-ի հետ հարցազրույցում։
Դիվանագետի խոսքով՝ հացահատիկն ու պարարտանյութը պատժամիջոցների տակ չեն, սահմանափակումները վերաբերում են նավերի և բեռնափոխադրումների ապահովագրությանը, ինչպես նաև ռուսական ընկերությունների և հաստատությունների հետ ֆինանսական գործարքներին, որոնք էլ խոչընդոտում են արտահանման գործընթացը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է հացահատիկի մատակարարման հետ կապված ճգնաժամը քննարկել Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ քառակողմ հանդիպման շրջանակներում։