ՄԱՀԱՊԱՏԺԻ ԴԱՏԱՎՃԻՌ ԴՈՆԵՑԿՈՒՄ
Դոնեցկի դատարանը բրիտանացիներ Շոն Փիններին և Էյդեն Ասլինին, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Սաադուն Բրահիմին մեղավոր է ճանաչել վարձկանության, իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի, ինչպես նաև ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով վերապատրաստվելու համար:
Ըստ ուկրաինական կողմի՝ երեքն էլ Ուկրաինայի զինված ուժերի անդամներ են, որոնք պայմանագրեր են կնքել մինչև ռուսական հատուկ ռազմական գործողության սկիզբը։ Նրանք առնվազն մի քանի տարի ապրել են Ուկրաինայում, նրանցից մեկն ունի ուկրաինական անձնագիր։ Երեքն էլ մահապատժի են դատապարտվել։
Բրիտանական իշխանությունները ԴԺՀ-ին հորդորել են «գթասիրտ լինել» գերի ընկած բրիտանացիների հանդեպ։ Իսկ փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը խոստացել է ներկայացնել բոլոր անհրաժեշտ բողոքները՝ դատավճիռը վիճարկելու համար։
Շոն Փիններն ու Էյդեն Ասլինը, ավելի վաղ, խնդրել էին վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ օգնել իրենց Ուկրաինայի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ և գործարար Վիկտոր Մեդվեդչուկի հետ փոխանակելու հարցում: Մեդվեդչուկը ներկայումս կալանքի տակ է դավաճանության կասկածանքով։ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ «խորապես անհանգստացած է» բրիտանացիների նկատմամբ կայացված մահապատժի վճռով: Դատապարտվածների փաստաբան Պավել Կոսովանն էլ հայտարարել է, որ իր պաշտպանյալները մահապատժի որոշում չէին սպասում և մտադիր են վճիռը բողոքարկել:
ԴՆԵՊՐՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ ԱՎԻԱՑԻՈՆ ՏԵԽՆԻԿԱ. ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Դնեպրի ռազմական օդանավակայանում ոչնչացվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ավիացիոն տեխնիկա։ Ռուս զինվորականները նաև հարվածել են Խարկովի մարզում Ուկրաինայի զինված ուժերի զենքի և ռազմական տեխնիկայի վերանորոգմամբ զբաղվող ձեռնարկության արտադրական օբյեկտներին։ Ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական Սու-25 կործանիչ Խարկովի մարզում, իսկ ՄիԳ-29՝ Դնեպրոպետրովսկի շրջանում։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՌԴ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի և կառավարության գրեթե բոլոր անդամների դեմ։ Պատժամիջոցներ են սահմանվել ընդհանուր 35 անձի նկատմամբ:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՍՏԱՆԱ ԵՄ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Հունիսի 17-ին, հավանաբար, Ուկրաինայի ԵՄ անդամակցության գործընթացում առաջընթաց կգրանցվի։ Հաջորդ շաբաթ Եվրահանձնաժողովը կերաշխավորի Կիևին տալ թեկնածուի կարգավիճակ, ինչը կարևոր քայլ է ԵՄ-ին անդամակցության երկար ճանապարհին, գրել է Bloomberg-ը: «Անդամակցության արագ ճանապարհ չկա, և Ուկրաինան դեռևս պետք է հաղթահարի դաշինքի ընդլայնմանը դեմ պետությունների առարկությունները»,- գրում է պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ ԵՄ ղեկավարները պատրաստվում են հարցը քննարկել հունիսի 23-24-ին Բրյուսելում: Մի քանի երկիր, օրինակ՝ Նիդերլանդները, հայտարարել է, որ դեմ են այդ քայլին՝ պնդելով, որ Ուկրաինային չպետք է առավելություն տալ։ Գերմանիան հայտարարել է, որ արդյունքը կարող է լինել թեկնածուի պայմանական կարգավիճակը։ Դանիան, ըստ Bloomberg-ի, հայտարարել է, որ Ուկրաինան բավականաչափ չի համապատասխանում այն չափորոշիչներին, որոնք կապված են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, փոքրամասնությունների հարգանքն ու պաշտպանությունը երաշխավորող ինստիտուտների կայունության հետ։ Թեկնածուի կարգավիճակը պաշտոնապես նշանակում է ԵՄ-ին անդամության գործընթացի մեկնարկ։ ԵՄ-ին վերջինը 2013 թ. միացել է Խորվաթիան: Նրա անդամակցության գործընթացը տևել է 10 տարի:
ԴՈՆԲԱՍՈՒՄ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է ԸՆԹԱՆՈՒՄ. ՍԿԻԲԻՑԿԻ
Դոնբասում «հրետանային պատերազմ» է ընթանում, և դրա արդյունքը կախված է նրանից, թե Արևմուտքը ինչ քանակի և ինչպիսի զենք կտա Ուկրաինային։ Այդ մասին Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին ասել է բրիտանական Guardian թերթին: Նրա խոսքով՝ Կիևն այս հրետանային դիմակայությունում պարտվում է Մոսկվային և գրեթե ամբողջությամբ ապավինում արևմտյան զենքին։
«Ուկրաինան յուրաքանչյուր 10-15 ռուսական հրետանային միջոցի դիմաց ունի մեկը»,- նշել է Սկիբիցկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան օրական օգտագործում է 5000-ից 6000 արկ։ «Մենք գրեթե սպառել ենք մեր ամբողջ զինամթերքը և այժմ օգտագործում ենք ՆԱՏՕ-ի ստանդարտ 155 տրամաչափի արկեր»,- ասել է պաշտոնյան: