MИ-8 ուղղաթիռը պատրաստվում է թռիչքի, բայց ոչ թե մարտական առաջադրանք կատարելու, այլ վարակված անտառները քիմիական նյութերով բուժելու համար: Ուղղաթիռի կեսժամանոց մեկ պտույտի ժամանակ օգտագործվում է մոտ երկու տոննա հեղուկ, միջինում բուժվում է 60 հեկտար անտառ:
Տարոն Մանուկյան («Հայանտառ» ՊՈԱԿ անտառների վերականգնման, անտառապատման և պաշտպանության բաժնի պետ) - Ամեն անտառպետություն ունի իր հեկտարները և քանակները վնասատու օջախների, մենք աշխատում ենք կոնկրետ վնասատու օջախների վրա:
Ուղղաթիռից աշխատանքին հետևում է նաև Անտառային կոմիտեի նախագահը: Վլադիմիր Կիրակոսյանը ավիացիոն-քիմիական պայքարն արդյունավետ է համարում, նշում՝ այս եղանակով կարողացել են կանխարգելել վնասատուների և հիվանդությունների տարածումը ու փրկել բնությունը:
Վլադիմիր Կիրակոսյան (ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահ) - Ուսումնասիրելով նախորդ տարիների աշխատանքը՝ կարող ենք ասել՝ արդյունավետությունը բավականին բարձր է, և մենք պետք է շարունակական իրականացնենք այս աշխատանքը, քանի որ ունենք վնասատուներով վարակված անտառներ:
Որ անտառները մաքուր և առողջ լինեն, «Հայանտառի» մասնագետներն ուսումնասիրությունն ավելի վաղ են սկսում, գտնում տերևակեր վնասատուների օջախները: Գարնանն ու ամռանը ուղղաթիռով թունաքիմիկատը հասցնում ծառին: Ուշացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, թրթուրները կարող են արագ բազմանալ և վնասել անտառները,- շեշտում է մասնագետը:
Տարոն Մանուկյան - Զարգանալու դեպքում իրենք մեծ զանգվածով ոչնչացնում են տերևային մասը ծառի, ոչնչացնելուց հետո ծառը թուլանում և չորացման ենթակա է դառնում: Եթե նույն տարում չկատարեցին, հաջորդ տարին տերևազրկվեց, ծառը չորանում է:
Վլադիմիր Կիրակոսյանի խոսքով՝ թրթուրները թուլացնում են ծառերի դիմադրողականությունը: Վերևից թափվող նյութը հենց հասնում է ծառին, միջատները տեղում սատկում են: Մասնագետները որդերի ոչնչացումը մի քանի ժամից կարող են տեսնել, նոր տերևների վերականգնումը՝ երկու շաբաթից:
Վլադիմիր Կիրակոսյան - Այս տարի ավելի շատ վարակված տարածքները Վայոց ձորի մարզում էին, այնտեղ վերջացրել ենք քիմիական ավիացիոն պայքարի աշխատանքները: Հիմա մենք Արագածոտնի մարզում ենք, այսօր այստեղ էլ կվերջացնեն ամբողջ աշխատանքները և վաղը կտեղափոխվեն Կոտայքի մարզ:
Մասնագետները զգուշացնում են՝ թեև օգտագործվող թունաքիմիկատները մարդկանց համար վնասակար չեն, այդուհանդերձ, 25 օր խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մուտքը: