Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համատեղ ջանքերով Բեռնում տեղի է ունեցել Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն: Միջոցառմանը ներկա էին Շվեյցարիայի խորհրդարանի՝ Ազգային խորհրդի նախագահը, Մշակույթի դաշնային գրասենյակի տնօրենը, Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալը, երկկողմ հարաբերություններում իրենց ներդրումն ունեցած քաղաքական ու հանրային գործիչներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի անդամները՝ խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ:
Բացման խոսքով է հանդես եկել Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ողջունել բոլոր ներկաներին:
Անդրանիկ Հովհաննիսյան (Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնապես հայտարարել Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման բացումը:
Այս տարիների սերտ գործակցությունը հիմնված է Հայաստանի և Շվեյցարիայի համար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր հարաբերությունների ընդլայնման և խորացման փոխադարձ հանձնառության վրա։ Մենք լուրջ ձեռքբերումներ ենք գրանցել. նաև բավականին զգալի ներուժ ունենք, որը պետք է շարունակել բացահայտել և իրացնել։
Դեսպանը կարևորել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում, ընդգծել Հայաստանի և Շվեյցարիայի միջև ամուր կապերը տնտեսական և քաղաքական դաշտում:
Անդրանիկ Հովհաննիսյան - Մեր խորհրդարանների միջև ամուր կապերը տարիների ընթացքում ավելի են սերտացել։ Բարձրաստիճան հայ պաշտոնյաների ներկայությունն այստեղ վկայում է այն մասին, որ Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ հարաբերությունները։ Ցանկանում եմ ընդգծել նաև մեր ժողովուրդների շփումը, որը խոր արմատներ ունի և չի սահմանափակվում այս 30 տարով։ Հայ համայնքը բնական կամուրջ է մեր ազգերի և պետությունների միջև, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում առկա հարաբերություններում:
Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված երկկողմ հարաբերությունները բարձր է գնահատել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Էդուարդ Աղաջանյան (ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի ղեկավար)
Ուրախ եմ մասնակցելու Հայաստան-Շվեյցարիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառմանը: Մեր երկրները նույն ժողովրդավարական արժեքների վրա հիմնված խորը պատմամշակութային ընդհանրություններ ունեն: Այստեղ շատ հայեր են ապրում, որոնք իրենց երկրորդ հայրենիքը գտել են ձեր հիանալի երկրում: Այս վերջին երեսուն տարվա ընթացքում Շվեյցարիան զարգացման օրինակելի մոդել է եղել Հայաստանի համար:
Հայաստանի և Շվեյցարիայի հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի հիմնադիրներին է փոխանցել ՀՀ բարձր պարգևները՝ Մխիթար Գոշ մեդալները:
Դոմինիկ դը Բյումանը և Ուելի Լոյենբերգերը հանդես են եկել շնորհակալական խոսքով, անդրադարձ կատարել բարեկամության խմբի պատմությանը, ձեռքբերումներին ու գործակցության հեռանկարներին։
Դոմինիկ դը Բյուման (Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի համահիմնադիր) - Երբ դեռ նոր էի ստանձնում այս պաշտոնը, լավ ծանոթ չէի Հայաստանին, երկրի պատմությանը, բայց մեծ սիրով հանձն առա այս աշխատանքը: Սա ինձ համար առանձնահատուկ հնարավորություն է: Ուզում եմ ասել նաև, որ մեր երկիրը շատ արագ ճանաչեց Կոսովոյի անկախությունը, սակայն հիմա հարց ունեմ՝ քաջություն կունենա՞նք պայքարելու, որ Ղարաբաղի ժողովուրդը նույնպես հնարավորություն ստանա՝ ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները եղել են նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների և Շվեյցարիայի խորհրդարանի ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավարի հետ աշխատանքային հանդիպումների առանցքում։
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրության մի շարք հարցերի և տարածաշրջանային զարգացումներին: Հայ և Շվեյցարացի խորհրդարանականները իրենց հանձնառություն են հայտնել զարգացնելու երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները գործակցության բոլոր ոլորտներում: