Բաղրամյան 26 հերթով ժամանեցին ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները: Նախ կազմակերպության գլխավոր քարտուղարին, ապա մյուս հինգ երկրի՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Ռուսաստանի թիվ մեկ դիվանագետներին դիմավորեց Արարատ Միրզոյանը:
Միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները, նաև դրանց ազդեցությունն անդամ երկրների անվտանգության վրա այսօր արտգործնախարարների օրակարգային կարևոր հարցերից էին՝ արդեն ընդլայնված կազմով նիստին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց:
ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՀԱՊԿ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Սեղանին են եղել նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերը: Դրանք ՀԱՊԿ-ում մեր երկրի նախագահության առաջնահերթություններից են՝ շեշտեց Արարատ Միրզոյանը՝ մամուլի համար հայտարարության ժամանակ՝ հիշեցնելով, թե ինչպես անվտանգային կազմակերպությունը տարեսկզբին առաջին անգամ կիրառեց կանոնադրությամբ նախատեսված գործիքը:
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Հունվարին կազմակերպությունը ժամանակին է արձագանքել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն մինչ այժմ չլուծված է մնում 2021 թվականի մայիսից ադրբեջանական զորքերի` Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հարցը:
Հայաստանի նախագահության առաջնահերթություններից՝ արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցը եղել է օրվա կարևոր թեմաներից մեկը: Թեման շարունակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նրա բնորոշմամբ՝ Ղազախստանում խաղաղապահ գործողությունների ժամանակ ստացած առաջին փորձը պարարտ հող է ստեղծել հետագա քայլերի համար:
Ստանիսլավ Զաս (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար) - Ես տեղյակ պահեցի Արտաքին գործերի նախարարին, որ առաջիկա ամսվա ընթացքում կմշակենք փաստաթղթեր, որոնք ենթադրում են շտկումներ իրավական բազայում, զորքի և կառավարման մարմինների ոլորտում: Շնորհակալ եմ արտաքին գործերի նախարարին, որ այսօրվա քննարկման ընթացքում նոր առաջարկներ և նախաձեռնություններ եղան, որոնց նպատակը կրկին ճգնաժամների ընթացքում արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է:
ՀԱՊԿ ԲՈԼՈՐ ԵՐԵՔ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՐԴ Է. ԶԱՍ
Արտգործնախարարների օրակարգի մյուս կարևոր թեման միջազգային իրադրություն էր: Զասը ՀԱՊԿ բոլոր երեք տարածաշրջաններում իրավիճակը բարդ գնահատեց:
Ստանիսլավ Զաս - Ինչ վերաբերում է Արևելաեվրոպական տարածաշրջանին, իրավիճակն այնտեղ վատթարանում է, այդ պատճառով ՀԱՊԿ արտգործնախարարները հատուկ ուշադրություն դարձրին ՀԱՊԿ պատասխանատվության գոտու իրավիճակին: Արտաքին գործերի նախարարները հայտարարությամբ անթույլատրելի են համարել մի պետության անվտանգության ապահովումը մյուսների հաշվին:
Միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ արտգործնախարարներն այսօր համաձայնեցրին ու համատեղ հայտարարություն ընդունեցին: Զասի խոսքով՝ անդամ երկրների գլխավոր դիվանագետներն իրենց աջակցությունն են հայտնել աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջատար դերակատարման ամրապնդմանը: Կազմակերպությունը քայլ առ քայլ նշանակալի խաղացող է դառնում տարածաշրջանում, նաև Եվրասիայում՝ սա էլ նկատեց Արարատ Միրզոյանը, նշեց՝ ՀԱՊԿ-ի պահանջը՝ որպես անվտանգության դոնորի, աստիճանաբար աճելու է և դուրս է գալու նախապես գծված շրջանակներից:
Արարատ Միրզոյան - Կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը եղել և շարունակում է հանձնառու լինել ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ և նախաձեռնող փոխգործակցությանը և նպատակադրված է անդամ-պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում` Կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքական կոորդինացման զարգացման ապահովմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ՀԱՊԿ դերի ակտիվացմանը:
ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները հաջորդ անգամ կհանդիպեն վերջին եռամսյակում՝ կրկին Երևանում: Մինչև այդ տոնական տարվա ու ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առիթով նամականիշ մարվեց: 2022-ին լրանում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30- ու կազմակերպության ստեղծման՝ 20-ամյակը: