ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 10-12-ը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Լոզանում կմասնակցի Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին:
Այցի շրջանակում Կարեն Գիլոյանը նաև աշխատանքային հանդիպումներ կունենա WADA-ի նախագահ Վիտոլդ Բանկայի, գլխավոր քարտուղար Ֆրեդերիկ Դոնզեի, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կառլոս Ռոյի և պաշտոնատար այլ անձանց հետ:
Նշենք՝ WADA-ի ամենամյա սիմպոզիումը հակադոպինգային օրացույցի խոշորագույն միջոցառումներից է: Այն պետք է տեղի ունենար այս տարվա մարտի 24-25-ը Լոզանում, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Նույն պատճառով ավելի վաղ չեղարկվել էին WADA-ի՝ 2020 և 2021 թվականներին նախատեսված սիմպոզիումները:
Սիմպոզիումն ավանդաբար միավորում է միջազգային ֆեդերացիաների, ազգային և տարածաշրջանային կազմակերպությունների՝ դոպինգի դեմ պայքարով զբաղվող մասնագետների, մարզիկների, ինչպես նաև կառավարությունների ներկայացուցիչների: