Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են՝ Զարեհ Սինանյանը ԱՄՆ այցի շրջանակներում այցելել է ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոց: Այն գտնվում է Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքում և առաջարկում է անվճար, բազմամշակութային կրթություն: Դպրոցում ուսանում են նախադպրոցական տարիքից մինչև 12-րդ դասարանի աշակերտներ՝ բոլոր դասարանների համար հայոց լեզվի ուժեղացված ծրագրով: ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան վարժարանի միջին և ավագ դպրոցի ծրագրերը U.S. World & News Report-ի կողմից դասվել են ԳՏՃՄ+արվեստ (STEAM) կրթական մոտեցմամբ կենտրոնացած և քոլեջի նախապատրաստող դպրոցներ:
Շրջայցի ընթացքում ավագ դպրոցի տնօրեն դոկտոր Հոսեփ Թորոսյանը ցույց է տվել STEAM ծրագրի համար դպրոցի վերջին ընդլայնումը, որը շուտով կունենա լիարժեք գործող ռոբոտաշինության արհեստանոց: Զարեհ Սինանյանը հնարավորություն է ունեցել նաև զրուցել հայերենի 12-րդ դասարանի աշակերտների հետ և նրանց ծանոթացրել է գրասենյակի աշխատանքին և Հայաստանում երիտասարդների հնարավորություններին։